Գիտությանը միտումնավո՞ր են սովամահ անում
Наука и культураԻնչպես գիտենք, մեր հայրենյաց Ազգային Ժողովում այս օրերին հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումներն են: Բյուջեի բազմահազար տողերից ոմանք հետաքրքիր են, ոմանք ոչ այդքան, ոմանք ուրախացնող են, իսկ ոմանք' սարսափեցնող: Վերջիններիս թվին է պատկանում գիտությանը հատկացվող գումարների ծավալը' 11.2 մլրդ դրամ, այն է' 2012 թվականին հատկացվածից ընդամենը 10.5 տոկոս ավել:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան խումբը բազմիցս հիմնավորել է ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը: Եղել են քննարկումներ նաև պետական այրերի հետ, սակայն, ավաղ, ապարդյուն, քանի որ ֆինանսավորումը պակասեց (հաշվի առնելով սղաճը):
ՀՀ նախագահի, վարչապետի, ԿԳ նախարարի և մի շարք այլ պաշտոնյաների հետ քննարկումների ընթացքում գիտնականները միշտ ստացել են նույն պատասխանը' «փող չկա»:
Այն, որ հանրապետությունում լավ էլ փող կա, որ պարզապես այդ գումարների զգալի մասը կոռուպցիայի, սխալ կառավարման և անօգուտ ծրագրերի զոհ է դառնում, այլ հարց է:
Սակայն գիտության չֆինանսավորման պատճառները, համոզված եմ, այլ են: Իշխանությունները, ըստ ամենայնի, ուզում են սովամահ անելով հայրենի գիտությունը, մեր ազգին տանեն «մատուցող» դառնալու ուղով, հասցնեն նրան, որ բոլոր ինտելեկտուալ մարդիկ լքեն Հայաստանը: Այսինքն, հնարավորինս բթացնեն ազգին, զրկեն ինքնուրույն մտածելու ու ստեղծագործելու հնարավորությունից և կառավարեն հենց ոչխարների հոտի:
Ու գնալով այդ համոզմունքը խորանում է: Եթե գիտության ֆինանսավորման նվազեցում տեղի ունենար նախկինում, գուցե այդքան էլ չապշեինք: Բայց վերջին 2 տարիներին համարյա բոլոր կոմպետենտ մարդկանց մենք' գիտնկաններս, բացատրեցինք, թե ինչի համար է ֆինանսավորման ավելացումը անհրաժեշտ: Երկրի քաղաքական ղեկավարությունը հասկացավ, թե ինչ է գիտությունը: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը 2011-ի օգոստոսին պայմանավորվեցին, որ պահանջում են գիտության ֆինանսավորման եռապատկում… Բայց արդյունքում ֆինանսավորումը պակասեց: Այդ ամենից հետո իշխող դոմինանտ քաղաքական ուժի' ՀՀԿ-ի կողմից այդ գաղափարի չսատարումը և, փաստացի, ֆինանսավորման պակասեցումը կարող է վկայել միայն մեր երկրի իշխանությունների հակապետական դավադիր գործունեության մասին: Դա մի գործունեություն է, որի նպատակը, այս պարագայում, ազգի ինտելեկտազրկումն (գլխազրկումն) է… Մի բան, ինչ արվեց 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլում:
Դանիել Իոաննիսյան