Լուսինե Պետրոսյանը` Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու
Чрезвычайный случай«Հրապարակ»-ը գրում է.
«Հանրային հեռարձակողի խորհուրդը երկրորդ անգամ է մրցույթ հայտարարել՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով։ Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հուլիսի 29-ին։ «Հրապարակ» օրաթերթի երկարամյա լրագրող, հրապարակախոս Լուսինե Պետրոսյանն առաջադրել է իր թեկնածությունը: Նա վստահ է, որ արդար ու թափանցիկ մրցույթ անցկացնելու դեպքում ինքն է ընտրվելու այդ պաշտոնին։ Թե ուրիշ ովքեր են առաջադրվել կամ առաջադրվելու, առայժմ մեզ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ նախորդ մրցույթը չկայացավ՝ հանձնաժողովը թեկնածուներից ոչ մեկին հաղթող չճանաչեց։ Ըստ ամենայնի, առաջադրված թեկնածուներից ոչ մեկը իշխանության սրտով չէր։
Հիշեցնենք՝ հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփել էին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չէր ստացել հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ: Գարեգին Խումարյանը ներողություն էր խնդրել լսարանից և, իր բնութագրմամբ, որպես տան տեր, կարծիք հայտնել, թե Հանրային ռադիոյի տաղավարում առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք, ասվել՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Այս հայտարարությունը ճակատագրական եղավ նրա հետագա պաշտոնավարման համար»: