Daily Mail. Հայաստանում ամենաերկարն են ապրում տարածաշրջանում Վրաստանից հետո (լուսանկարներ)
World PressԲրիտանական Daily Mail թերթը, հիմնվելով Կենտրոնական հետախուզական վարչության «Աշխարհի փաստագրքի» (The World Factbook, CIA) վրա, ներկայացրել է io9.com-ի ստեղծած գունազարդ քարտեզը, որը ցույց է տալիս աշխարհի 222 երկրներում մարդկանց՝ և’ կանանց, և’ տղամարդկանց կյանքի հավանական երկարությունը:
Ըստ այս քարտեզի՝ մեր տարածաշրջանում վրացիներից հետո ամենալավը հայերի վիճակն է: Հայաստանում ապրողների կյանքի տևողությունը գնահատված է 73,49 տարի (118-րդ հորիզոնական): Վրաստանի բնակիչների ցուցանիշը 77,32 տարի է, Թուրքիայինը՝ 72,77, Իրանինը՝ 70,35, իսկ Ադրբեջանինը՝ 71,32:
Նշենք, որ այս ցուցակում հետխորհրդային երկրների մեջ Հայաստանը գտնվում է չորրորդ տեղում՝ Վրաստանից, Լիտվայից և Էստոնիայից հետո: Ռուսաստանի բնակիչների ցուցանիշը 66,46 տարի է:
Ամենաերկարակյաց մարդիկ ապրում են Մոնակոյում՝ 89,68 տարի:
Երկարակեցության տեսակետից ամենավատ ցուցանիշն ունեն Աֆղանստանը (49,72), Սվազիլենդը (49,42), Հարավային Աֆրիկան (49,41), Գվինեա Բիսաուն (49,11) և Չադը (48.69). այս երկներում մարդիկ մահանում են նախքան միջին տարիքին հասնելը:
ԿՀՎ-ի հաշվարկներով՝ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ. Մոնակոյում կանանց կյանքի տևողությունը գնահատված է 93,77 տարի, տղամարդկանցը՝ 85,74: Չադում տղամարդկանց կյանքի տևողությունը գնահատված է 47,61 տարի, կանանցը՝ 49,82:
Հավելենք, որ ԱՄՆ-ի բնակիչների ցուցանիշը 78,49 տարի է (51-րդ հորիզոնական), իսկ ահա Միացյալ Թագավորությանը՝ 80,17 տարի (30-րդ հորիզոնական):