Հարթակում չկա ապագա վարչապետի թեկնածուն. պայքարը դիտվում է որպես «ռոբասերժական» և «փաշինյանական» ուժերի բախում. Արմեն Այվազյան
ՍպորտՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Ս. թ. մայիսի 9-ին Բագրատ սրբազանը հասավ Երևան և անցկացրեց առաջին մեծ հանրահավաքը։ Դրանից հետո տեղի ունեցան ևս մի քանի հանրահավաքներ, Երևանի փողոցներով երթեր, անհնազանդության տեղային միջոցառումներ ու հանդիպումներ այլևայլ մասնագիտական խմբերի հետ։ Այդ ամենը, սակայն, չբերեց շարժման ծավալմանն ու ընդլայնմանը։ Ընդհակառակը, բողոքի մասնակիցները սկսեցին պակասել։
Այս ակնհայտ հետընթացի պատճառները բազմազան են, բայց այժմ կնշեմ դրանցից միայն մի քանիսը՝ նրանք, որոնք կապված են շարժման ղեկավար կազմի հետ։
1) Հարթակում չի հայտնվել քաղաքական թիմ, որը կարող է ներկայանալ իր հիմնական կազմով, շահել ժողովրդի համակրանքն ու վստահությունը ու կազմել ստվերային (հետագայում՝ անցումային) կառավարություն։ Ամբողջ գործընթացը կառուցված է Բագրատ սրբազանի անձի շուրջ։ Նա է շոգեքարշի պես իր հետևից քաշում-տանում ամբողջ շարժումը։ Այնինչ նրա կողքին պետք է արդեն լինեին հավասարարժեք գործիչներ քաղաքական, ռազմական, մշակութային, գիտական և այլ ոլորտներից։
2) Մասնավորապես, հարթակում չկա ապագա վարչապետի թեկնածուն։ Այնուամենայնիվ, ներկա պատմական փուլում հայերը գերազանցապես ու խորապես աշխարհիկ ժողովուրդ են։ Բագրատ սրբազանին կամ որևէ ուրիշ հոգևորական գործչի վարչապետի պաշտոնում շատ քչերը կարող են պատկերացնել։ Բացի այդ, որքան էլ փորձենք իրավական սողանքներ փնտրել, գոյություն ունի սահմանադրականության լրջագույն խնդիր՝ սրբազանի երկքաղաքացիությունը, որը չի կարող հաղթահարվել։ Այն առաջացնելու է ոչ լեգիտիմության՝ «արմենսարգսյանականության» ախտանիշ (սինդրոմ) ու ճանապարհ հարթելու նաև հետագայում սահմանադրության այլ կարևոր կետերի շրջանցման ու արհամարհման համար։ Ապագա կառավարությունում Բագրատ սրբազանը կարող է ունենալ առանցքային այլ դիրք կամ պաշտոն։
3) Հարթակում մինչև այժմ չի հայտնվել գուցե ամենակարևոր դեմքը, որին ժողովուրդը ենթագիտակցորեն ամենաշատն է սպասում՝ ՀԱՅՈՑ ԱՊԱԳԱ ՍՊԱՐԱՊԵՏԸ, ով ընդունակ կլինի ոգեշնչելու ժողովրդին ու ցույց տալու նրան ինքնապաշտպանության (այն է՝ փրկության) ճանապարհը։
4) Կարճ ասած՝ Բագրատ սրբազանին ու նրան շրջապատող գործիչներին, ցավոք սրտի, չի հաջողվել ներկայանալ որպես քաղաքական ԵՐՐՈՐԴ ՈՒԺ, որը տարբեր է թե «նախկիններից», թե «ներկաներից»։ Շատ-շատերը նրա թիմը, ոչ առանց հիմքերի, ընկալում են որպես հիմնականում «նախկին» իշխանությունների ներկայացուցիչների հավաքածու։ Ըստ այդմ, պայքարը դարձյալ դիտվում է որպես «ռոբասերժական» և «փաշինյանական» ուժերի բախում հանուն իշխանափոխության։ Ու սա, թերևս, ամենամեծ և անթույլատրելի սխալն է, որ շարժման ղեկավարությունը չպետք է կատարեր։ Ի վերջո, չի կարելի նույն գետը երկու անգամ մտնել։ Այնինչ վերջին երեքուկես տարում ընդդիմադիր ուժերը նույն գետը փորձում են մտնել վեցերորդ թե արդեն յոթերրորդ անգամ։
Լավ չէ, լավ չէ...»։