Արևմտյան հերթական հետախույզի այցը ՀՀ և հանդիպումը Փաշինյանի հետ․ ի՞նչ է քննարկում Փաշինյանն արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ. 168.am
Блогосфера168.am-ը գրել է.
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ակտիվորեն աշխատել արևմտյան հետախուզական ծառայությունների հետ։ Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի հետ։ ՀՀ Կառավարության փոխանցմամբ՝ քննարկվել են՝ ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ՝ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն փոխանցվում:
Ուշագրավ է, իհարկե, որ այցը տեղի է ունենում Իրանի նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկցողների ուղղաթիռի կործանումից անմիջապես հետո, ինչպես նաև հայ-ադրբեջանական, այսպես կոչված, սահմանազատման ապօրինի գործընթացի ու սրբազան պայքարի ֆոնին։
Սա Նիկոլ Փաշինյան-ԱՄՆ ԿՀՎ առաջին երևանյան հանդիպումը չէ։ 2022 թվականի հուլիսի 15-ին ՀՀ էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը և հանդիպել Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ: Ըստ այն ժամանակ հրապարակված պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել էին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ էր կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Ի դեպ, այդ ժամանակ Բըրնսի այցին նախորդել և հաջոդել էին ևս երկու ուշագրավ այցեր։ 2022 թվականի հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը:
Իսկ 2022 թվականի հուլիսի 18-ին ՀՀ ժամանեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Թեև Նարիշկինը չընդունեց, որ իր այցը կապ ունի Բըրնսի այցի հետ, սակայն փորձագիտական հանրությունը Բըրնսի, Շամխանիի ու Նարիշկինի այցերն ուղիղ կերպով կապեց միմյանց՝ հստակ արձանագրելով, որ Բըրնսի խնդիրը Երևանում ոչ միայն, ինչպես իշխանությունն էր ներկայացնում, արտաքին հետախուզության ծառայության ձևավորման հարցն էր, այլև Հարավային Կովկասում Իրանի ու Ռուսաստանի ազդեցության նվազեցումը, քանի որ ԱՄՆ ԿՀՎ թիրախները Հարավային Կովկասում հենց Ռուսաստանն ու Իրանն են, հետևաբար՝ ՀՀ-ից ՌԴ ռազմական ներկայության վերջնական դուրսբերումը, որի առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արեց վերջերս՝ ՀՀ սահմանների որոշակի հատվածներից և օդանավակայանից դուրս բերելով ՌԴ սահմանապահներին։
Թերևս պատահական չէր, որ 2022 թվականին ռեգիոնից ԱՄՆ մեկնելուց հետո Բըրնսը մասնակցել էր Ասպենի անվտանգային համաժողովին և իր ելույթում կենտրոնացել հենց Ուկրաինայում պատերազմի ֆոնին Ռուսաստանի ու Իրանի ազդեցության նվազեցման անհրաժեշտության վրա։
Հարկ է նշել նաև, որ նույն տարվա դեկտեմբերի 16-ին ՀՀ էր ժամանել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար, Էրդողանի ընկեր Ռիչարդ Մուրը, ում հետ Փաշինյանն այս տարի հանդիպեց նաև Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտոնավարման հենց սկզբից էլ հետաքրքիր էր արևմտյան հետախուզական ծառայությունների համար՝ պայմանավորված Արևմուտքի կողմից ՌԴ-ի և Իրանի դեմ քաղաքականությամբ։ Սակայն այս անգամ թե կոնկրետ ի՞նչ առաքելությամբ է ԱՄՆ ԿՀՎ ներկայացուցիչը Երևանում, և ռեգիոնալ աշխարհաքաղաքականության ի՞նչ սցենարներ են գծվում, դեռ հայտնի չէ։