Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները
PoliticalՀայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)՝ որպես Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային կազմակերպիչ, շնորհավորում է EWC Armenia 2024-ի ազգային հաղթող դարձած երեք ստարտափներին, որոնք անցել են միջազգային փուլ՝ ներկայացնելու Հայաստանը։
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի: EWC-ին ամեն տարի մասնակցում են 370 000 ձեռներեցներ ավելի քան 200 երկրներից։ Մրցույթի հաղթողները ստանում են 1 միլիոն դոլար դրամական մրցանակ և այլ հնարավորություններ՝ վերապատրաստումներ, մենթորություն ստարտափի զարգացման բոլոր փուլերում, ինչպես նաև նեթվորքինգ:
Այս տարվա EWC Հայաստանի ազգային եզրափակիչը իսկապես նորարարության և ձեռներեցության տոն էր․ տեխնոլոգիական էկոհամակարգի տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետներ հավաքվել էին լսելու մրցույթի տասը հայկական առաջատար ստարտափների ելույթները և տեսնելու, թե որ երեք թիմերը կանցնեն EWC 2024 Global Finals:
Ազգային ժյուրիի որոշմամբ մրցող 10 ստարտափներից հաղթող ճանաչվեցին Archestr-ը, Maquaponics-ը և Nomiq-ը, որոնք կմիանան EWC Top 250 ստարտափներին և կմասնակցեն GEN-ի (Համաշխարհային ձեռներեցության ցանց) վիրտուալ bootcamp-ին՝ նախապատրաստվելու գլոբալ եզրափակչին։
Ըստ EWC Հայաստանի ազգային կազմակերպիչ Նժդեհ Հովհաննեսյանի՝ EWC մրցույթում տարեցտարի ավելի բազմազան և հետաքրքիր են դառնում գաղափարները:
«Եթե ստուգեք մասնակից թիմերի նկարագրությունները, ապա կարող եք տեսնել, որ մենք ունենք միմյանցից տարբերվող ոլորտներ ներկայացնող շատ հետաքրքիր թիմեր՝ ագրոտեխնոլոգիաներից մինչև շինարարություն: Մեր հաղթող թիմերը վկայում են մեր համայնքի տաղանդի և ներուժի մասին, և մենք վստահ ենք, որ նրանք լավագույնս կներկայացնեն Հայաստանը համաշխարհային հարթակում»:
Ազգային եզրափակիչը սկսվեց GEN-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսի հատուկ տեսաուղերձով, որին հաջորդեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի ելույթը: EPIC-ի տնօրեն դոկտոր Միքայել Քուչակջյանը հանդես եկավ Ազգային կազմակերպչի խոսքով` ընդգծելով ձեռներեցության նշանակությունը Հայաստանում նորարարությունների և տնտեսական աճի խթանման գործում:
Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Գիտության և տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի գործադիր խորհրդի անդամ, UC Berkeley, SkyDeck գլխավոր խորհրդական Կարեն Գյուլբուդաղյանը, Formula VC-ի անդամ, BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, EPAM Երևանի տնօրեն Բենիամին Գյուրջյանը, ինչպես նաև «Այբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:
Բացի գլխավոր մրցանակներից միջոցառման ընթացքում հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև FAST հիմնադրամի և STAN-ի, ինչպես նաև Rooqet & InnWork-ի ու Team Telecom Armenia-ի կողմից։
Մրցույթի ազգային փուլն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։ Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, մրցանակներ հանձնեց հաղթող երեք թիմերի անդամներին և կարևորելով ստարտափների դերը նշեց․
«Այս մրցույթը հրաշալի հնարավորություն է հայկական ստարտափների համար ոչ միայն ներկայանալու միջազգային հարթակներում, այլև մեծ ներդրումներ ներգրավելու իրենց բիզնեսի զարգացման համար։ Ուրախ եմ, որ մեր ընկերությունն աջակցում է այս կարևոր նախաձեռնությանը։ Ստարտափները շարժիչ ուժ կարող են դառնալ մեր երկրի տնտեսական զարգացման համար, և մենք պետք է ամեն կերպ խրախուսենք ու սատարենք դրանց։ Շնորհավորում եմ ու հաջողություն մաղթում հաղթող թիմերին համաշխարհային փուլում»։
Հաղթողներից առաջին թիմը Archestr-ն էր՝ միակը «early stage»-ում: Archestr-ը SaaS հարթակ է, որը հեշտացնում է նախագծումից մինչև շինարարություն գործընթացը՝ ընդլայնելով աշխատանքային հոսքերը շենքերի դիզայներների, ընդհանուր մատակարարների համար: Նրանք արդեն ունեն վճարող օգտատերերի բազա և հաճախորդներ աշխարհի տարբեր անկյուններից:
Հաջորդը MAquaponics-ն էր: Նրանք նախագծում և տեղադրում են համակարգեր, որոնք կենդանիների գոմաղբը վերածում են օրգանական պարարտանյութի: Սննդանյութերով հարուստ պարարտանյութերը հարմար են հիդրոպոնիկ տեղակայման, կաթիլային ոռոգման և ավանդական գյուղատնտեսության համար:
Համահիմնադիր և Ponic Systems-ի ինժեներ Մելինե Բիլբուլը նշում է, որ այս հաղթանակը վերահաստատում է իրենց աշխատանքի նշանակությունը Հայաստանի ապագայի և կանաչ գյուղատնտեսության ավելի լայն ոլորտի համար։ «Դա մեզ դրդում է շարունակել առաջընթացը և մեր ջանքերը ավելացնել մրցույթի հաջորդ փուլում՝ օգնելով մեզ բարձրացնել մեր ստարտափն ավելի մեծ բարձունքների»:
Ի վերջո, երրորդ հաղթողը Nomiq-ն էր՝ վեբ-ի վրա հիմնված քիչ կոդով հարթակ backend-ի մշակման համար: Այս ստարտափը հեղափոխում է ծախսերի օպտիմիզացումը և արագացնում բարդ լուծումների շուկա դուրս գալու ժամանակը՝ ավտոմատացնելով կոդերի ստեղծումը և հնարավորություն տալով արագ փոխակերպում գաղափարից հավելված:
«Սա մեր ստարտափի առաջին հրապարակային ելույթն էր։ Մրցույթում հաղթելը մեզ լրացուցիչ վճռականություն տվեց առաջ գնալու և հաջողության հասնելու համար: Սա նաև լրացուցիչ պատասխանատվության զգացում է առաջացրել՝ արդարացնելու մեր նկատմամբ ունեցած ակնկալիքներն ու վստահությունը»,-ասում է Nomiq-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տաթև Ավագյանը։
EWC-ն այս տարվա մրցույթի համար ստացել էր շուրջ 60 հայտ, որոնցից միայն 10-ին հաջողվեց GEN-ի միջազգային ժյուրիի ընտրության փուլն ու հասնել ազգային եզրափակիչ:
EWC Armenia 2024-ի ազգային հաղթողների ճանապարհորդությունը կշարունակվի համաշխարհային մրցույթի նախապատրաստմամբ: EWC Global Finals-ը, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, աշխարհի ամենահեռանկարային ստարտափներին բացահայտելու մեկ տարվա աշխատանքի գագաթնակետն է: Այս միջոցառումն ընդգրկում է մի շարք ելույթներ և մասնակիցներին առաջարկում է հնարավորություններ՝ հանդիպելու ներդրողների հետ ամբողջ աշխարհից: EWC վիրտուալ ճամբարը Top 250-ի համար տեղի կունենա սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, իսկ EWC 100-ի ընտրությունը նախատեսված է հոկտեմբերի 15-ին: EWC Top 100-ում ներկայացվում են աշխարհի ամենահեռանկարային ստարտափները, որոնք ընտրվելու են Գլոբալ եզրափակիչի լավագույն մրցանակների համար մրցելու համար:
Որպես Հայաստանում ազգային կազմակերպիչ՝ EPIC-ը հյուրընկալել է EWC-ի երեք հաջող եզրափակիչ։ Այս միջոցառումը դարձավ իրականություն՝ համախմբելով հայկական ստարտափ էկոհամակարգի առանցքային դեմքերին, և միաժամանակ, բացահայտելով ու հարթելով ճանապարհ հայկական լավագույն ստարտափների համար դեպի համաշխարհային հարթակ։