Աննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ)
PublicationsՄայիսի 2-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաները այցելել են Երևանի Կենդանաբանական այգի:
Օրը երեխաների հետ անցկացնելու էին եկել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:
Գյումրիից ժամանած փոքրիկները պտտվել են այգում, կերակրել կենդանիներին: Փոքրիկներին պատմել են, թե ինչպե՞ս է կազմակերպվում կենդանիների խնամքը, ո՞ր կենդանին ի՞նչ է սիրում ուտել կամ ինչո՞վ է սիրում զբաղվել:
Մանկատան տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել մանկատան գործունեությունը, կարևորել նման այցերը: Մարտիրոսյանը նշել է, որ հրավիրված 21 երեխաները առաջին անգամ են Կենդանաբանական այգում և դա նրանց երազանքներից մեկն է եղել:
Կենդանաբանական այգին այս տարի դռները բացել է մայիսի 1-ին: Տարվա ընթացքում նախատեսում են մի քանի ազատավանդակ տեղադրել տարածքում, ընդլայնել արդեն իսկ եղածը:
Այգում շրջելուց հետո երեխաները ուղևորվել են Հանրապետության հրապարակ, որտեղ հատուկ նրանց համար ցերեկային ժամի միացվել էին շատրվանները: