Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Դա, ըստ ռուսական լրատվամիջոցի, արվել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով։
Նամակում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակի ելույթը բացասական արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում։
«Բազմաթիվ դիմումներ ենք ստացել մեր քաղաքացիներից՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Ա.Ռ. Սիմոնյանի բացահայտ հակառուսական արտահայտություններն արտացոլում են Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական դիրքորոշումը։
Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե հիշյալ միջոցառմանը ում անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա կողմից շարադրված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին և մեր ժողովուրդների միջև բարեկամության դարավոր կապերին», - ասված է նամակում: