Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի Փաշինյանը
АрменияԱննա Հակոբյանն այսօր վաղ առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թերևս բոլորի համար էլ անսպասելի էր այն արձագանքը, որը այնտեղ հավաքված ժողովուրդը ցույց տվեց Փաշինյանի տիկնոջ ներկայությանը: Նրան դիմավորել են «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ դավաճան» վանկարկություններով: Ներկաներից մեկը հարց ուղղեց Փաշինյանի տիկնոջը. «Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ձեր ամուսինը մեր հայրենիքի մի մասը հանձնել է»։ Աննա Հակոբյանն ի պատասխան միայն խոժոռ հայացքով նայեց։ Ի վերջո Հակոբյանին հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Սա, անշուշտ, այսօրվա ամենատպավորիչ և հանրային լայն ռեզոնանսի արժանացած իրադարձությունն էր և կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ափսոսանքով էին հայ մայրերը դիտում այս պատկերը՝ հաշվի առնելով, որ Աննա Հակոբյանը միայնակ չէր, այլ հուշահամալիր էր եկել փոքր դստեր՝ Արփիի հետ:
Տարածված կադրերից պարզ է դառնում, որ Փաշինյանի կրտսեր դուստրը կատարվածից ակնհայտ կերպով հուզվել էր, նույնիսկ վախեցել: Անշուշտ, նման իրավիճակը հոգեբանորեն բավական ծանր է փոքր երեխայի համար և այդ մասին է վկայում նաև Արփիի այլայլված դեմքը:
Այո, այս իշխանությունները մեզ սովորեցրել են շատ ավելի բարդ հոգեբանական վիճակների, սովորեցրել են դատարկ դագաղների տեսարանների, սովորական են դարձել նաև գերլարված և հուզումնառատ պահերը: Սակայն, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված մարդկանց կողմից գուցե և զուտ մարդկային տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէր ստիպել այդ ամենի միջով անցնել նաև փոքրիկ երեխային, ով անպաշտպան է և եթե լիովին անկեղծ լինենք՝ պատասխանատու չէ իր հոր կատարած քայլերի համար: Ի վերջո քաղաքական պայքարը՝ քաղաքական պայքար, բայց պետք է նաև նայել, թե ով է քո առջև՝ քաղաքական շնաձուկ, թե փոքրիկ երեխա, ում ներաշխարհի վրա մեծ քաղաքականության նման դրվագները կարող են խիստ բացասական հետևանքներ թողնել: Թերևս այսօր երեկոյան փոքրիկ Արփի Փաշինյանը կփորձի զրուցել իր հոր հետ և ստանալ այն հարցի պատասխանը, թե որտեղից հայ ազգի մեջ այսքան ատելություն Փաշինյանների ընտանիքի նկատմամբ և ինչպես ինքը` իր հոր կողմից վարչապետի աթոռը լքելուց հետո պետք է ապրի այս հասարակությունում։ Ի դեպ, հիշեցնենք, որ բավական հաճախ հանրային պարսավանքի ալիքի տակ էր հայտնվում Փաշինյանի որդին` Աշոտը, իսկ այսօր փաստացի նաև նրա փոքր քույրն առաջին անգամ առերեսվեց դառը իրականության հետ...