Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան
ПолитическиеՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և դրա հետևանքներին, նշել է, որ այսօր դեռ բախվում ենք ցեղասպանության տարբեր ձևաչափերի՝ մերօրյա դրսևորումների:
Սինանյանը նման կարծիք հայտնեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին տված հարցազրույցում:
«Մենք նախորդ տարվա սեպտեմբերին ապրեցինք Լեռնային Ղարաբաղի հայության հայաթափման ոճրագործությունը, որն իր էությամբ ցեղասպանության մի տարատեսակ է: Մեր երկիրը, պետությունը, ժողովուրդը ազատ չէ գոյաբանական վտանգներից, և այս ամենը բխում է հենց ցեղասպանությունից, քանի որ այս գործընթացը դեռ շարունակվում է:
Իմ ցանկությունն ու իղձն է, որ իրական հայրենասեր մարդիկ հավաքվեն, համախմբվեն և գործով այս պայքարի մասը դառնան, որպեսզի մենք կարողանանք Հայոց ցեղասպանության 110-ամյակը ոգեկոչել ավելի անվտանգ և ապահով պայմաններում»,-նշեց Սինանյանը:
Հանձնակատարը նշեց՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում մեր աշխարհամասում, պետք է հասկանանք, որ հույսը պետք է ինքներս մեզ վրա դնենք:
«Եթե աշխարհը որևէ դրական ձևով պետք է արձագանքի մեր պատմական և այսօրվա անվտանգային արդար պահանջներին, ապա մենք դա պետք է առաջ բերենք մեր գործողություններով, դրանք սիրողական և լոզունգային մակարդակի չպետք է լինեն, դրանք հաճախ մեզանից պահանջելու են դաժան և ծանր լուծումներ: Միայն աշխատանքի շնորհիվ ենք մենք կարողանալու այս ամենը հաղթահարել»,-ընդգծեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը: