Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ Դատի
PoliticalԳալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները պնդում էին, որ առաջ են մղելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, սակայն տարիներ անց կարող ենք փաստել, որ այս խոստումը ոչ միայն չի կատարվել, այլ արվել են քայլեր, որոնք ուղղակիորեն հարվածել են Հայ Դատին, մեր պահանջատիրությանը և բխել են միայն ու միայն Թուրքիայի շահերից: Դիցուք՝
1) Փաշինյանն ու թիմակիցները հանեցին պահանջում են բառը հիշում եմ և պահանջում կարգախոսից։
2) Պատճառաբանելով սկզբում համավարակի տարածմամբ, ապա պատերազմով՝ երկու տարի շարունակ ապրիլի 24-ին ժողովրդի համար փակ է եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։
3) Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որտեղ արձանագրված էին արկղի մեջ անփույթ նետված՝ Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր, լուսանկարները և մոտ մեկ մետր հեռավորության վրա գտնվող մետաղյա տարա՝ մոխրով լցված։ Տեսագրության հեղինակը կադրում պատմում էր, որ ականատես է եղել, թե ինչպես էին այրում փաստաթղթերը։
4) Իրենց խոսույթում Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները սկսեցին խուսափել Հայոց ցեղասպանություն եզրույթից՝ փոխարենը կիրառելով Մեղ Եղեռն եզրույթը։
5) Փաշինյանի թիմակից Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ Թուրքիայից երբեք էլ վտանգ չի տեսել: «Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է»,– ասում էր Արսենյանը։
6) Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ավելի հեռուն է գնացել և հայտարարում է, որ տափակ միտք է, թե թուրքերը կոտորել են հայերին:
7) ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցին՝ «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար», պատասխանել է․ «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։ Այսինքն՝ խոստովանել է, որ Հայաստանում իրենց իշխանությունների կողմից պրոթուրքական, թրքասիրական, թուրք-ադրբեջանական շահերին միտված քաղաքականություն է տարվում, և դրա ուղղությամբ ոչ թե սոսկ աշխատում են, այլ ակտիվ աշխատանքներ են տանում Փաշինյանն ու իր թիմակիցները։
8) Փաշինյանի կառավարման տարիներին ընդամենը մի քանի երկիր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այս գործընթացը փաստացի այսօր կանգ է առել։
9) Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների մեջքի հետևում բանակցություններ է վարում թուրքական կողմի հետ, որոնց մանրամասները հանրությունը մինչ օրս չգիտի։
10) Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի իրական թիվը և արխիվային փաստաթղթերի իսկությունը։
11 ) Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է՝ փաստացի փորձելով խաչ քաշել Արարատ լեռան վրա։
12) Փաշինյանն ու թիմակիցները քննարկում են նոր Սահմանադրության տարբերակը, որը ենթադրում է ազգային սիմվոլիկայից և թուրքերի սիրտը մռմռացնող օրհներգից հրաժարվելը։
13) Փաշինյանը փչացրեց Սփյուռքի հետ հարաբերությունները՝ էականորեն նվազեցնելով Հայաստան-Սփյուռք համագործակցության հնարավորությունները Հայ Դատի պաշտպանության գործում։
14) Առանց որևէ պատճառաբանության արգելվեց Հայաստան մուտք գործել Սփյուռքի հեղինակավոր գործիչներին, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են Հայ Դատը։
15) ՀՀ կառավարությունը որևէ կերպ չարձագանքեց ապրիլի 24-ի նախօրեին Ֆրեզնոյում Սողոմոն Թեհլերյանի գերեզմանը հրկիզելու վանդալիզմին՝ փաստացի լուռ համաձայնվելով թուրք ֆանատիկոսների քայլի հետ։
16) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը անցած շաբաթ հեռուստատեսային հարցազրույցում ողջունեց Քոչարյանի անխոհեմ խոսքերը՝ հայտարարելով, որ «շատ է հավանում այդ գաղափարը»։
17) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը իր հետ համակարծիք է այն հարցում, որ պետք է դեն նետել անհիմն հիշողությունները, և ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից:
18) Փաշինյանի կառավարությունը օտարերկրյա պատվիրակությունների այցը Ծիծեռնակաբերդ դարձրեց ոչ պրոտոկոլային։
19) Իր ապրիլքսանչորսյան ուղերձում Նիկոլ Փաշինյանը այսօր կոչ է արել հրաժարվել հայրենիքի փնտրտուքներից՝ փաստացի նկատի ունենալով Արևմտյան Հայաստանը և մեր ժողովրդի արդար պահանջատիրությունը։
20) 2023 թվականի մարտի 25-ին Հայաստանում էր անցկացվում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը, ֆուտբոլասարներին անվտանգությունը ստուգում էր և նրանց ձեռքից վերցնում պաստառները, որի վրա հակաթուրքականության նշույլ էր նկատում: