Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահ
OtherՀայաստանի գիտնականները պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը զգացել են թե՛ նախագծերի ծավալի աճի, թե՛ բազային աշխատավարձերի բարձրացման, թե՛ աշխատանքների արդյունավետության առումով, ու թեև գիտության կառավարման հետ կապված առկա են որոշ մարտահրավերներ, բայցևայնպես, դրանց դիմագրավելու նպատակով ընթանում են ինտենսիվ, համատեղ քննարկումներ։
Ելույթ ունենալով ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր համաժողովում՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարևորեց պետության կողմից գիտության և կրթության ոլորտին ցուցաբերվող ֆինանսական աջակցության տարեկան աճը։
«Այնպես չէ, որ կառավարության անդամները, պետական այրերը միտված են որևէ քայքայիչ կամ խոչընդոտող գործողություններ կատարելուն, ինչն ակնհայտ է, քանզի եթե լիներ նման մտադրություն, ապա այդ դեպքում ամենևին չէր բարձրացվի գիտության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես որ չէր բարձրացվել նախորդ տասը տարիների ընթացքում և մնացել էր նույն մակարդակի վրա»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Արշակյանը շեշտեց, որ Հայաստանում առկա է գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ, ուստի ավելի ռացիոնալ կլինի շարունակել գործնական քննարկումները գիտության ոլորտի ներկայացուցիչների և գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև։ ԱԺ-ում արդեն տեղի է ունեցել նման քննարկում, առաջիկայում նախատեսվում է հանդիպում կազմակերպել նաև կառավարությունում, որտեղ ԳԱԱ ղեկավարության հետ կանցկացվի կառուցողական բանավեճ՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է ակադեմիան և պետությունը կողք կողքի առաջ շարժվեն։
Անդրադառնալով ակադեմիական քաղաքի կառուցման հետ կապված նախագծին՝ Արշակյանը նշեց, որ այն ոչ թե ստեղծվում է ինչ-որ բանի փոխարեն, այլ ստեղծվում է թռիչքային զարգացում ապահովելու համար գիտության և կրթության ոլորտում։
«Դա նշանակում է, որ ջանքերը պետք է մեկտեղվեն և բոլոր շահագրգիռ կողմերը միասին բովանդակություն հաղորդեն այն ուղղություններին, որոնք պետության կողմից չափազանց կարևորվում են։ Որևէ բան չի արվում այլ բանի հաշվին։ Կառավարությունը, որդեգրելով Հայաստանն արդյունաբերական, բարձր տեխնոլոգիական պետություն դարձնելու տեսլական՝ ներդրումներ է անում գիտության ու կրթության և բարձրագույն կրթության մեջ, ուստի ակադեմիական քաղաքը մեծ և նոր քայլ է այդ ուղղությամբ, ինչը կապահովի լայնամասշտաբ էֆեկտ պետության համար»,-ասաց ԱԺ փոխնախագահը։