Եթե այսպես շարունակվի՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում դառնա գործնականում անհնարին․ Փաշինյան
ВидеоԵս երբ խոսում էի հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին և ասում էի՝ բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ: Այս մասին բրիտանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ իմիջիայլոց, ՀԱՊԿ-ի խնդիրը ծագել է այդտեղից, որովհետև հիմա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և կազմակերպության դիրքերից և ընդհանարապես, և բավականին վաղուց, դա ընդ որում, նաև 2020 թվականի պատերազմից առաջ, Ռուսաստանը հավասարահեռ քաղաքականություն է վարում Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Ուզում եմ արձանագրել, որ իրականում մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից, և դա մեր մեջ ասած կոնկրետ թվական էլ ունի: Եթե մինչև 2012-13 թվականները Ռուսաստանի քաղաքականությունն այն էր, որ Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, Ադրբեջանը գործընկերն է, ընդ որում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, որի ամբողջ իմաստը պետք է լիներ այն, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը շատ կոնկրետ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Բայց 2013 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մի քանի միլիարդ դոլարի զենքի ձեռքբերման պայմանագիր ստորագրվեց, և սա այն կետն է, երբ Ռուսաստանի Դաշնությունն սկսեց դիվերսիֆիկացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ:
Եվ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2022 թվականի փետրվարի 21-ին կամ 22-ին Ռուսաստանը և Ադրբեջանն իրար հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին: Ըստ էության, հենց այդ հռչակագրի մեջ նաև արձանագրվում է քաղաքականությունների համաձայնեցման անհրաժեշտությունը, և դա հրապարակային փաստաթուղթ է, և ըստ ամենայնի կարելի է արձանագրել, որ այն, ինչ հռչակվել է երկրների կողմից՝ համագործակցությունն անվտանգային ոլորտում, քաղաքականությունների շուրջ խորհրդակցություններ և այլն, դա գործնականում տեղի է ունենում, հակառակ դեպքում այդ հռչակագիրն իմաստ չէր ունենա:
Այսինքն, ինչո՞ւ են ստորագրել այդ երկրներն այդ հռչակագիրը, եթե պիտի չիրականացնեն: Մանավանդ այն պայմաններում, երբ արդեն դրանից առաջ, այդ հռչակագրի ստորագրումից առաջ առնվազն երկու դրվագով հստակ արձանագրվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պարտավորությունների չկատարումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Եվ վերջերս շատ հետաքրքիր արձանագրում էր արվել, երբ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն ասում են, որ իրենք առաջարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Սա, կներեք, բայց Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն է, որովհետև ինքը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպես Հայաստանի դաշնակից և ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար: Ես նկատի ունեմ՝ շատ են ասում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այնպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այս արեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել: Ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ:
Եվ այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում: Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ինչպես տեսնում եմ՝ եթե չի հատել կազմակերպությունում մեր մասնակցության տաքացման անհնարինության գիծը, բայց եթե այսպես շարունակվի, ես նկատի ունեմ՝ այն քաղաքական դիրքորոշումները, որ արտահայտում են, ակնհայտ է, որ նաև այդ գիծը կհատվի: Այսինքն՝ առնվազն եթե այսպես ասենք՝ վերամասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կդառնա գործնականում անհնարին»,– ասել է Փաշինյանը: