Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է. Աշոտյան
Գիտություն և ՄշակույթՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին, որոնք հրապարաված են aravot.am կայքում։
Հարց-«Պարոն Աշոտյան, Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը հեռացավ Արցախից։ Սա ի՞նչ է նշանակում»։
Արմեն Աշոտյան- Ռուս խաղաղապահների հեռացումը Արցախից ևս մեկ մեխ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դագաղի մեջ։ Ոմանք գուցե հրճվանքով կասեն, թե տեսեք՝ Ռուսաստանը սկսում է դուրս գալ Հարավային Կովկասից, սակայն դա դատարկ պնդում է։ Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է: Խաղաղապահ ուժերի հեռացումը նշանակում է նաև տեսանելի ապագայում Արցախ վերադառնալու հեռանկարի սառեցում 150,000 մեր հայրենակիցների համար։ Այս քայլը նաև լրջագույն վտանգ է առաջացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգության համար Արցախում՝ Դադիվանքից, Գանձասարից, Ամարասից սկսած։ Ադրբեջանի համար սա ինքնիշխանության վերականգնման ևս մեկ ցուցանիշ կմատուցեն, իսկ Աղդամում ստեղծված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդառնա մաքուր թուրքական՝ անկախ թուրքերի հայտարարությունից։
Ռուսական կողմը փորձում է ներկայացնել սեփական կոնտինգենտի դուրս բերումը որպես «миссия выполнена» թեզ։ Սակայն ողջ հարգանքով Արցախի հողում իր կյանքը տված ռուսաստանցի զինծառայողների հիշատակի նկատմամբ, ողջ երախտագիտությամբ Արցախի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար, ստիպված եմ արձանագրել, որ 3 տարիների արդյունքում ռուսական կոնտինգենտը կատարել է իր ֆունկցիաները, բայց ոչ՝ միսիան, առաքելությունը։ Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանի մեղքը Արցախի կորստի և հայաթափման գործում հսկայական և որոշիչ է, որքան էլ պաշտոնական Մոսկվան Փաշինյանին մատնացույց անի նաև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հրահրման հարցում, անգամ այդ դեպքում հնարավոր չէ խուսափել «ձախողում» բառից, առնվազն 2018-ից հետո Նիկոլի հետ Մոսկվայից կառուցվող հարաբերությունների համատեքստում։
Հարց- «Երկրում իրավիճակը պայթյունավտանգ է, ե՞րբ է այս ամենը տրաքելու։ Ե՞րբ ենք ազատագրելու մեր երկիրը»։
Արմեն Աշոտյան- Երկրում իրավիճակն, իրոք, պայթյունավտանգ է, սակայն ամենացանկալի սցենարը պայթյունի չհասցնելը կլիներ, այլ մեր պետության տակ դրած ականը վնասազերծելը: Ակնհայտ է, որ պայթյունը իրադարձությունների զարգացման վերջին, բայց ստեղծված պայմաններում անխուսափելի դարձող տարբերակն է։ Այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և հայ ժողովուրդը, հակաբնական է, հակաբարոյական է և հակագիտական է։ Նիկոլը «նոր հայ» կերտելու համար ոչ բարոյական իրավունք ունի, ոչ մտավոր կարողություն, ոչ էլ քաղաքական կապիտալ։ Իրականում նրա պատկերացրած հայի տեսակը չի կարող տիպային դառնալ, որովհետև Հայրենիք, պատիվ, բարոյականություն, Աստված ժխտող տեսակը ոչ թե Հայ է, այլ չՀայ։ Նիկոլը հայերին դրել է լոլիկի կամ բադրջանի տեղ, իսկ ինքն իրեն՝ Միչուրինի, ով նպատակ է դրել սելեկցիայով հայի նոր տեսակ ստանալ և բուծել։ Այս կեղտոտ գործի համար նա և իր խորհրդատուները չեն խորշում սոցիալական ինժեներիայի ամենաստոր մեթոդներից։ Եվ այս ամենը կավարտվի այն պահին, երբ հայը վերջապես որոշի ապացուցել, որ պոմիդոր չէ, այլ մարդ է: