«Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը
ОбществоԿիրանցի 96-ամյա Լենա Ղարդաշյանը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը:
Նա խոսքով` որքան պետք լինի, կմնա ու կպայքարի իր հողի համար։
«Կարող ա`մինչև հաջորդ նիստը նստած լինեմ, կարող ա` հրաման տան, որ մեզ այստեղից տանեն ու գան, տանեն։ Ես իմ հողի համար եմ պայքարում։ Էնքան տարածք ենք տվել, որ ձանձրացել ենք, հերիք ա»,– նշեց 96-ամյա Լենա տատիկը։
Նա ասաց, որ իր տունը սահմանազատման հետևանքով չի մնալու Ադրբեջանի հսկողության տակ, բայց իր երեխայի գերեզմանն է մնալու այդ հատվածում, հետևաբար համաձայն չէ, որ իր գյուղից որևէ կտոր հանձնվի։
«Ինձ ոչ փոխհատուցում, ոչ փող ա պետք, ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում, թուրքի հետ էլ հարևանություն չեմ անի։ Ասում են շան հետ ընկերություն արա, բայց փետը ձեռիցդ մի գցի»,– ասաց Լենա տատիկը։