Վրաստանի խորհրդարանում նիստն ընթանում է աղմուկով ու վիճաբանություններով (տեսանյութ)
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն ընթանում է աղմուկի ու բանավոր վիճաբանությունների ներքո, գրում է 1tv.ge-ն։
Իրավիճակը նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է։ Պատճառը ընդդիմադիրներ Լևան Խաբեիշվիլիի և Գիորգի Վաշաձեի պահանջն է։ Նրանք ասել են, որ թույլ չեն տա այսօր ելույթ ունենալ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեին։
Մամուկա Մդինարաձեն նրանց ասել է, որ չի պատրաստվում այսօր ելույթ ունենալ, քանի որ մի քանի ժամ շարունակ խոսում էր փոփոխությունների բովանդակության մասին։
Սրանից հետո վիճաբանություն է սկսվել ընդդիմության և մեծամասնության ներկայացուցիչների միջև։ Առերեսումից հետո խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին որոշել է, որ Գիորգի Վաշաձեն և Լևան Խաբեիշվիլին լքեն նիստը։ Կարգադրիչները նրանց դուրս են բերել դահլիճից։
Բացի այդ, նախագահողի որոշմամբ նիստերի դահլիճը լքել են Թինա Բոկուչավան, Թամար Ակուբարդիան և Թամար Կորձայան։ Շալվա Պապուաշվիլին մի քանի անգամ կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին հանդարտվել և խորհրդարանական մեծամասնության անդամներին խոսելու հնարավորություն տալ։