Երևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներ
Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու համար ներգրավվելու են առավել փորձառու աուդիտորական ընկերություններ ու մասնագետներ։
Երևանի ավագանու համապատասխան որոշումն ընդունվեց ապրիլի 16-ի հերթական նիստում՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի զեկուցմամբ։
Ավագանու որոշմամբ՝ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին այսուհետ կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում, առնվազն 7 աշխատակից առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքային փորձով, որոնցից առնվազն 2-ը միջազգային որևէ որակավորմամբ։
«Ըստ էության, այս լուծումը նպաստելու է, որ ավելի որակավորված աուդիտորական կազմակերպություններ և մասնագետներ ներգրավվեն մրցույթին, ինչը կարծում եմ ժամանակի ընթացքում կբերի Երևանի բյուջեի աուդիտի որակի բարձրացմանը»,-համոզմունք հայտնեց Գրիգորյանը։։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործող կանոնակարգը և ՀՀ օրենսդրությունն առհասարակ որևէ կերպ չի կանոնակարգում աուդիտորական ընկերությանը ներկայացվող պահանջները, որի պարագայում ցանկացած տեսակի կազմակերպություն, այդ թվում՝ աուդիտից մեկ ամիս առաջ հիմնադրված և առանց որևէ աշխատանքային փորձառության, կարող է մասնակցել և հաղթել՝ առաջարկելով ամենացածր արժեքը։ Նման պայմաններում տվյալ կարգավորման բացակայությունը հանգեցնում է աուդիտի գործընթացի իմաստազրկման, քանի որ կարող է բերել և, ըստ էության, բերում է նրան, որ աուդիտի գործընթացը դարձել է ձևական՝ ապահովելու համար միայն օրենսդրական պահանջի բավարարումը։
Անտեսվում են բուն աուդիտի էությունն ու նշանակությունը, չկա հստակ հաշվետվողականության մեխանիզմ, որպեսզի ավագանին բյուջեի կատարողականները հաստատելուց առաջ ունենա հստակ պատկերացումներ նախորդ տարվա ընթացքում կատարված բյուջետային գործողությունների իմաստով։
Նախագիծն ուղղված է բյուջեի միջոցների ծախսումն առավել թափանցիկ, պատասխանատու և հաշվետու դարձնելուն։
Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը նախագծի քննարկմանն առաջարկեց, որ վերջին 1-2 տարվա կտրվածքով աուդիտն անցկացնի աուդիտ իրականացնող ամենամեծ 4 ընկերություններից մեկը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ միանշանակ կողմ է վերահսկողական, մասնավորապես՝ աուդիտի գործընթացում ավելի խիստ պահանջներ դնելուն։
«Բոլոր այն առաջարկներին, որոնք խստացնում են պահանջներն աուդիտորական ընկերությունների ընտրության տեսանկյունից, մեր խմբակցությունը նույնպես կողմ է լինելու»,-ընդգծեց Ավինյանը՝ հավելելով, որ եթե մրցույթներում հաղթող ընկերությունների աուդիտի որակն անբավարար լինի, ապա կքննարկվի նաև աուդիտը համապատասխան ընկերությունների մեծ քառյակից որևէ մեկին պատվիրակելու հարցը։