Փաշինյանի անթաքույց վախը՝ «կոնսենսուս մինուս մեկից»․ ի՞նչ են մեզ հասկացնում
Երկու օր առաջ երթուղային ավտոբուսում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին տեսնելով՝ քաղաքացիներից մեկը թույլ չէր տվել իջնել ու անվանել էր «հակահայ…, ժեխ, բիձա» եւ այլն: Քաղաքացին, որն, ինչպես հետո պարզվեց, Սամվել Վարդանյանն էր, ձերբակալվել է խուլիգանության համար: Դրվագից հետո իշխանությունները՝ ԱԺ նախագահից մինչև պատգամավորներ և ՔՊ-ին լոյալ քաղաքագետներ ամենաբարձր ամբիոններից՝ ընդուպ Հ1-ի եթերից կոչ են արել իբրև թե խուլիգանական արարքի համար ամենախիստ ձևով պատժել Վարդանյանին: Երեկ էլ արդեն հայտնի դարձավ, որ վերջինիս ոստիկանների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս՝ ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձինք դաժան ծեծի են ենթարկե։
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում այս դրվագին մաքսիմալ հնչեղություն հաղորդել և ընդգծել, որ նման արարքի համար քաղաքացուն ամենադաժան պատիժն է սպասվում: Պատճառը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վախն է այն ապակենտրոն պայքարից, որը, կարծես թե, արդեն իսկ հասունանում է: Դիցուք՝ ընդդիմությունը ակտիվ հանդիպումներ է ունենում Տավուշի այն գյուղերում, որը Փաշինյանը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին, քննարկվում են պայքարի տարբեր մոդելներ: Բացի այդ, ակնհայտ ակտիվացել է Հայ Առաքելական եկեղեցին, որն սկսել է հասցեական գնահատականներ հնչեցնել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ և իր անհամաձայնությունը հայտնել Փաշինյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության շուրջ: Չի լռում նաև սփյուռքը․ Փաշինյանը և Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցերը հայկական համայնքներ գրեթե միշտ ավարտվում են միջադեպերով և ՀՀ իշխանություններին հողեր հանձնելու մեջ մեղադրելով: Բացի այդ, պետք է նշել, որ դեռ երբեք այսքան ակտիվ չէր եղել Մոսկվան, որտեղ քաջ գիտակցում են Փաշինյանի՝ վեկտոր փոխելու մոտիվացիան և դրա հետևանքները: Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դիվանագիտական լեզվով հասկացրել էր, որ Փաշինյանին-Պուտին հավանական հանդիպումը ՀՀ վարչապետի համար ոչ այլ ինչ է լինելու, քան կանչ «նա կավյոր»:
Եվ հենց այս գուցե չերևացող, սակայն, իրականում եռացող պրոցեսներն են, որ Փաշինյանին ստիպում են Սամվել Վարդանյանի ծեծված «մարմնով» մեսիջ հղել շարքային քաղաքացիներին, որպեսզի վերջիններս չհանդգնեն կրկնել նրա քայլը և ընդզվել իշխանությունների դեմ: ՔՊ-ականները քաջ գիտակցում են, որ անգամ ուռճացված և պարգևավճարների ասեղի վրա նստած ուժայիններն ի վիճակի չեն լինելու ապահովել իրենց անվտանգությունը, եթե երկրում իշխանափոխության պահանջով ապակենտրոն պայքար սկսվի: Վերջին գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ականների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վախերը բնավ էլ անհիմն չեն...