Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը դեռ շարունակվում է. 2600-ից ավելի եզդի կանայք դեռ գերության մեջ են:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Ցեղասպանությունը մինչև այսօր շարունակվում է: Շուրջ 2600-ից ավելի իմ քույրեր դեռ գտնվում են գերության մեջ, նրանց ճակատագրերն անհայտ է: Մեզ հաջողվել է մի մասին գումարով վերադարձնել, ցավոք, չի հաջողվել շատերին վերադարձնել: Մինչև այսօր հարյուր հազարավոր եզդիներ ապրում են ճամբարներում, գտնվում են ծայրահեղ վատ վիճակում՝ առողջապահական, կրթության խնդիրներ և այլն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ միջազգային հանրության ուշադրության անհրաժեշտություն կա:
Բաքոյանը համոզված է, որ Հայաստանում Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու իր նախաձեռնությունն այս առումով ևս օգնելու է, որ 2014 թվականից շարունակվող ցեղասպանությունը կանգնի:
Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետին, օրենսդիր մարմնին՝ ի դեմս ԱԺ նախագահի, նաև ընդդիմադիր գործընկերներին, որոնք մասնակցել և կողմ են քվեարկել իր առաջարկած նախագծին:
Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսվում է ապրիլի 16-ին: