Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են
ВидеоLՈՒՐԵՐ.com-ին հայտնի է դարձել, թե որ հիվանդանոց են ներխուժել ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները: Այս պահին իրավապահները ներխուժել են Զեյթունում գործող «Ուիգմոր» մանկական նորակառույց հիվանդանոց, որն, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ է փոխկապակցված։ Նկատենք, որ նույն ժամին զուգահեռաբար ԱԱԾ-ն ներխուժել է ու մինչ այս պահը խուզարկություն է իրականացնում նաեւ Առողջապահության նախարարությունում։
ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցված տվյալներով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ փոխկապակցված (ըստ հրապարակումների) «Ուիգմոր» ԲԿ մի քանի աշխատակիցների նկատմամբ արդեն իսկ կա առաջադրված մեղադրանք` պետպատվերի փողերի լվացման ենթադրյալ գործով։
Ընդգծենք՝ «Ուիգմոր» մանկական հիվանդանոցը ընդամենը 2 տարվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է մամուլի էջերում հայտնվել սկանդալային պատմություններով, ի դեպ՝ այս նորաստեղծ ԲԿ-ն ՔՆ-ից ստանում է մինչեւ 700 մլն դրամ պետպատվեր եւ սա մասնագիտական շրջանակում բուռն քննարկումների առիթ է դարձել։
Ավելի ուշ ԼՈՒՐԵՐ.com-ը մանրամասներ կհայտնի սպասվող ձերբակալությունների մասին, առայժմ չեն նշվում անուններ` նրանք պաշտոնյաների՞, բժիշկների՞, թե՞ ԲԿ ադմինիստրատոր կազմից են: