Ոստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան
ԲլոգոսֆերաՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ Աշոտ Ահարոնյանը ոստիկանության ողջ համակարգին մաղթում է ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի:
«Այսօր Ոստիկանության օրն է՝ մասնագիտական տոնը իրավապահ համակարգի մի կարևորագույն օղակի, որը տասնամյակներ ապահովել է երկրի ներքին կայունությունն ու քաղաքացու ամենակարևոր՝ անվտանգ ապրելու իրավունքը: Չեմ ասում՝ նախկին գործընկերներիս, որովհետև ծառայությունը հայրենիքին, օրենքին և մարդուն երբեք նախկին չի լինում: Նախկին չի լինում պատասխանատվությունը պետության ու քաղաքացու ապահովության և անվտանգության համար:
Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ նվիրյալ և անմնացորդ ծառայություն այս գերագույն գաղափարների կենսունակությանը:
Մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի:
Շնորհավորելով տասնամյակներ շարունակ ոստիկանության կառույցը կերտած ու զորացրած նվիրյալներին՝ բոլորիս մաղթում եմ սահմանադրական և մարդկային հիշողություն, որովհետև շարունակվելու նախապայմանը անցյալը չուրանալն է:
Վստահ եմ Հայաստանի ոստիկանության և ոստիկանի այսպիսի՝ ուժեղ, հավատավոր ու պետականակերտ ապագային: Ես ուրախ եմ, որ երեսունամյա ծառայության իմ համեստ մասն ունեմ այդ ապագայի մեջ:
Արդյունավետ և անփորձանք ծառայություն՝ բոլորիդ ու բոլորիս»,- Facebook-ում գրել է Ահարոնյանը։