Գարեգին Նժդեհի խոսքերից
ОбществоԱզգի հերոս, զորավար Գարեգին Նժդեհի խոսքերից.
«Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն»:
«Անպետք են այն դասագրքերը` ցամաք անհոգի, որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է ճիշտ այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի»:
«Ես տեսա հոգևոր ազատը ստրկության մեջ և սիրեցի մարդը: Ես տեսա ստրուկն ազատության մեջ և գարշեցի մարդուց»:
«Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից»:
«Մի ընտանիք, մի հասարակություն, մի ժողովուրդ ճանաչելու համար պետք է լսել նրա մեջ հնչող խոսքը»:
«Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց»:
«Սպանվում է և առյուծը, առյուծությունը` երբեք»:
«Եղի´ր ազատ, գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհիր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր»:
«Զինաթափված ամեն մի կիրք մի նոր զինակից է, հաղթահարված ամեն մի ցավ` հոգևոր հզորանքի նոր աղբյուր»:
«Հաղթում է այն կողմը, որը վստահ է ո´չ թե իր սպառազեն բռունցքի, այլ ներքին գերազանցությանը»:
«Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին լինել»:
«Մոռացի´ր քեզ, հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սև ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...»:
«Մի օտարի հովանու տակ հայը եզակի և ռազմաշունչ կռվող է, իր սեփական դրոշի տակ` հաճախ անարի, պարտվողական: Նա միշտ հաղթում է, ով արդեն հաղթել է իրեն, այսինքն` որն իր մեջ մեռցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը»:
«Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»:
«Ամեն զորավար զորավոր չէ»:
«Քիչ խոսք, շատ օրինակ` ժողովրդասիրության, պարտաճանաչության, անձնվիրության: Առանց վեհ և հրահանգիչ օրինակների չկա դաստիարակություն»:
«Եղի´ր հպարտ. գոյությունդ քարշ տալու համար մի´ սողա, մի´ ստորանա և մի ստիր»:
«Եղի´ր բացարձակ, և ո´չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել»: