«Առավոտ». Չկա բոյկոտ, կա չմասնակցություն կամ ավելի ճիշտ՝ պարզ դասալքություն
Հայկական Մամուլ

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է, որ այս ընտրությունների ելքը կանխորոշված է: Իսկ «ՓիԱրտ» ընկերության զարգացման գծով տնօրեն, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ հիմնական քաղաքական ինտրիգը զարգանալու է ընտրություններից հետո: Երկու փորձագետների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում, իսկ «Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:
Վիգեն Հակոբյան- Ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը չկարողացան իրենց գլխավոր խնդիրը լուծել: Իշխանությունը ձգտում էր մրցակցային ընտրություններ կազմակերպել և հաղթել, իսկ ընդդիմությունը, գնահատելով իր իրական ռեսուրսները, հայտարարեց քաղաքական բոյկոտ, որը, ես կարծում եմ, կիսով չափ ստացվեց: Եվ այս պարագայում իշխանությունը սկսեց ուղիներ փնտրել քիչ թե շատ մրցակցային շղարշ ապահովելու համար: Որոնվեցին և գտնվեցին թեկնածուներ, որոնք հանրությանը բացարձակապես հայտնի չեն կամ հայտնի են, բայց վաղուց մոռացության էին մատնվել, և նրանք ոչ թե որակ, այլ քանակ են առայժմ ապահովում: Իհարկե, կան քաղաքական գործիչներ, որոնք կոնկրետ նպատակներ ունեն՝ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանք այս պահի, այժմեական խնդիրներ ունեն լուծելու: Կան թեկնածուներ, որոնք ինքնահաստատման խնդիր ունեն, և կան թեկնածուներ, որոնք այնքան էկզոտիկ են, որ նրանց առաջադրմանը որևէ այլ բացատրություն, քան շոուի ապահովման գործառույթն է, դժվար է գտնել:
Ռուբեն Մեհրաբյան- Ձևավորված պատկերը հետևանքն է այն քայլերի, որոնք ձեռնարկեց իշխանությունը, և այն քայլերի, որոնք չձեռնարկեց ընդդիմությունը: Արդյունքում մենք այսօր ունենք կանխորոշված ելքով մի իրավիճակ, որի մեղավորության առյուծի բաժինն, իհարկե, պատկանում է Հայ ազգային կոնգրեսին: Ես չեմ ասում՝ «Բարգավաճ Հայաստանին», որովհետև ԲՀԿ-ն ինքնին արհեստածին, ապաքաղաքական, հակաքաղաքական ուժ լինելով՝ ընդամենը պետք է եթերային աղմուկ ապահովեր ընդդիմադիր զանգվածին իրական նպատակից շեղելու համար, ինչը և փայլուն կատարեց: Այլ էր ՀԱԿ-ի պարագան, մենք տեսանք, որ նրանք ներքաղաքական պրոցեսում չունեն սեփական օրակարգը, և այն պայմանավորված է ինչ-ինչ արտաքին ուժերի շահերը սպասարկելով: Այդ մասին մենք լսեցինք նաև այն չարաբաստիկ ձայնագրության մեջ: Ի վերջո, եթե մենք ռետրոսպեկտիվ հայացք գցենք 2011 թվականի մայիսին և պլան մշակենք, թե ինչպես կարելի է հողանցել համաժողովրդական շարժումը, այդ պլանը կներառի հենց այն քայլերը, որոնք կատարվեցին այս ընթացքում: Մենք այսօր փաստորեն ունենք զրոյացված վիճակ, չունենք ընդդիմադիր ընտրազանգվածի շահերն արտահայտող ուժ, և այս քաղաքական պրոցեսում ընդդիմադիր ընտրազանգվածը կանգնած է իշխանական ուժերին դեմ առ դեմ: Ահա այս աղճատված պատկերում արտաքին կողմը՝ ի դեմս էկզոտիկ թեկնածուների, շոուի տարրեր է միայն պարունակելու՝ կանխորոշված ելքով: Ցավոք սրտի:
«Առավոտ»- Պարոն Հակոբյան, Դուք և՞ս կանխորոշված եք համարում այս ընտրությունների ելքը:
Վիգեն Հակոբյան- Այո: Ես կարծում եմ, որ այս ընտրություններում չկա քաղաքական ինտրիգ, չկա ընտրական ինտրիգ: Հետաքրքիրն այն է, որ այս ընտրություններում ավելի շատ ինտրիգ կար մինչ նախընտրական շրջանում՝ կապված այն հարցի հետ, թե որ թեկնածուն կառաջադրվի: Մենք հիշում ենք, թե ինչ հետաքրքրություն կար Ծառուկյանի կամ Տեր-Պետրոսյանի առաջադրման շուրջ, և երբ հայտնի դարձավ, որ նրանք չեն մասնակցում, այդ ինտրիգը մարեց, և հիմա որևէ հետաքրքրություն չկա: Բայց այս ընտրությունների յուրահատկությունն այն է, որ շատ ավելի հետաքրքիր է հետընտրական ինտրիգը: Դա նաև այն պատճառով է, որ քաղաքական բոյկոտը չստացվեց:
Ռուբեն Մեհրաբյան- Չկա բոյկոտ, կա չմասնակցություն կամ ավելի ճիշտ՝ պարզ դասալքություն: