Փանոս Թերլեմեզյանի այցելությունը հիվանդ Կոմիտասին
Наука и культураՄեծ Կոմիտասի և Թերլեմեզյանի մտերմությունը եղել է շատ անկեղծ, խոր և անքակտելի։ Նրանց բաժանել են միայն վերահաս համաշխարհային առաջին պատերազմը և նրան հաջորդող մեծ եղեռնը։ Փարիզյան հիվանդանոցի խցիկում պառկած ու բանտարկված Կոմիտասը երկար տարիներ ոչ ոքի չի ճանաչել։ Բազմաթիվ ծանոթներ այցելել են նրան ու փորձել վերականգնել նրա մեջ հիշողությունը։ Կոմիտասը ակնապիշ դիտել է նրանց ու քար անտարբերությամբ գլուխը շրջել։ Փանոսը գտել է Կոմիտասին անկողնի վրա նստած, դեմքը շրջած դեպի պատը, դեպի աներևույթ մի աշխարհ։ Փանոսը լացն ու արցունքը հազիվ զսպած ձայնել է՝ Կոմիտաս… Հանճարեղ երաժշտագետը, լսելով հարազատ այդ ձայնը, մի պահ փոխել է իր դիրքը և թափանցող հայացքով երկար նայել է Փանոսին և մի ակնթարթ վերականգնելով իր հիշողության մեջ մտերիմ ընկերոջ կերպարը…
Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից մեկ հատված: Պատմում է Փանոս Թերլեմեզյանը:
1921 թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ միասին իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց, ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց և սկսեցինք խոսիլ:
- Կոմիտաս, - ասացի, - գիտեմ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց. «Պետք չէ. հարկաոր է միայն լույս և բնություն»: Առաջարկեցի միասին Սևան գնալ:
- Ի՞նչ անեմ այնտեղ, - ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
- Գնանք դուրս ման գանք, - ասացի:
- Այստեղ շատ լավ է, - ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս` ասաց, որ մահը գոյություն չունի և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
«Չէ՛, եկել ես, նստիր, էլ ո՞ւր ես գնում»: Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ դերասանություն սովորելու:
- Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը: - Եվ Ագանթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթնի գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց, - խոզերը երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում եմ, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի` հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը` իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո´», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգի ինձ համար»: «Չէ՛, հիմա ես իմ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց. դուռը բաց արավ և գնաց երեսը կպցրեց պատուհանի ապակուն և էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարով ասացի և առանց պատասխան ստանալու դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:
Որոշ է, որ Կոմիտասը ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…» - կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժանվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճանփորդ եմ…»:
Նյութը` Ք. Ա –ի