Ռոզի Արմենը պարգեւատրվել է Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով
ՍփյուռքՄարտի 9-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ֆրանսահայ հանրահայտ երգչուհի Ռոզի Արմենին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները: Ողջունելով հյուրին՝ Նախարար Հ. Հակոբյանը ասել է. «20-րդ դարասկզբի Հայոց Ցեղասպանությունից հետո Ֆրանսիան այն պետությունն էր, որը ջերմորեն ընդունեց բազմաթիվ հայերի: Ֆրանսիայում են կայացել ու հռչակ ձեռք բերել այնպիսի մեծ անհատականություններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը եւ ուրիշներ: 20-րդ դարի կեսերին նրանց անունների կողքին հայտնվեց նաեւ Ռոզի Արմենի անունը, ով իր նուրբ ու բացառիկ ձայնով, հմայիչ ու կանացի բեմական կերպարով գերեց ոչ միայն հայերի, այլեւ օտարների սրտերը»:
Հանդիպման ընթացքում Ռոզի Արմենը պատմել է իր մշակութային գործունեության, անցած ուղու եւ ունեցած ձեռքբերումների, նշանավոր հայ գործիչների հետ հանդիպումների ու նրանցից քաղած դասերի մասին: Ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում՝ Ռոզի Արմենը փորձել է ճանաչել ու պահպանել հայկական ավանդույթները: Նրա ստեղծագործական գործունեության առանցքում եղել է հայ մշակույթը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գաղափարը:
Բարձր գնահատելով Ռոզի Արմենի վաստակը Սփյուռքում հայկական երգարվեստը տարածելու գործում, ստեղծագործական եւ կատարողական բարձր վարպետության եւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու համար երգչուհին պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Ռոզի Արմենը շնորհակալություն հայտնել է բարձր պարգեւի արժանանալու համար եւ նշել, որ հայ երաժշտության մեծ երախտավորի՝ Կոմիտասի անունը կրող մեդալը ոգեւորիչ է եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող: