«Մովսես Խորենացի» մեդալ՝ Զորյան ինստիտուտի նախագահին
ՍփյուռքՄարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Մարդու իրավունքների պաշտպանության թանգարանի տնօրեն Քլինտ Քուրլին, Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին և գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Հակոբյանը կարևորեց Զորյան ինստիտուտի գիտական գործունեությունը, մասնավորապես նրա ներդրումը Հայոց Ցեղասպանութան վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին հանձնեց Հայաստանի անկախության 20 ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի պարգևը՝ «Մովսես Խորենացի» մեդալը՝ Կանադայում հայապահպանության գործում զգալի ավանդի համար:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և բարձր պարգևի համար՝ Գրեգ Սարգսյանը նշեց, որ. «Մեր համար կարևոր է, որ մենք որպես ժողովուրդ, միայն մեր ցավը չտեսնենք: Ցեղասպանության ճանաչումը մարդու իրավունքների դեմ գործած հանցանքների դատապարտում է»:
Կանադայի Մարդու իրավունքների պաշտպանության թանգարանի տնօրեն Քլինտ Քուրլը նշեց, որ թանգարանում բացվելու է ցեղասպանության բաժին, որտեղ տեղ են գտնելու նյութեր 5 ցեղասպանությունների, այդ թվում Հոլոքոստի, Հյուսիսային Ամերիկայի էթնիկ հնդկացիների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Նշենք, որ Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը:
«Զորյան» ինստիտուտի կատարած գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները վկայում են Ինստիտուտի մեծ ներուժի մասին:
«Զորյան» ինստիտուտը հսկայական ջանքեր է գործադրում ցեղասպանության եւ մարդու իրավունքների ճանաչման գործում գիտնականների նոր սերունդ պատրաստելու համար: