Շպռօտ. Մարդ արարածը ղեկավարի կարիք չունի
ՀասարակությունԵրգչուհի Շպռօտը երկար ժամանակ ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում։ 168.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր ներկայի կյանքի, անելիքների և անձնականի մասին։
- Շպռօտ, բավականին երկար ժամանակ է՝ ԱՄՆ-ում եք բնակվում։ Ինչպիսի՞ն է Ձեր կյանքն այդտեղ։ Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր ներկայիս կյանքը։
- Ես ինձ լավ եմ զգում ԱՄՆ-ում։ Ես ինձ Երևանում էլ վատ չէի զգում։ Ինչպես գիտեք՝ երջանկությունը ներսից է բխում։
Այո, ինձ դուր է գալիս իմ ներկայիս կյանքը։ Ամեն օր փորձում եմ ապրել նոր գույնով։
- Ո՞ւմ կամ ի՞նչն եք ամենից շատ կարոտում։ Երևանը կարոտո՞ւմ եք։
- Երևանն ամպի չափ կարոտել եմ։ Շատ եմ կարոտել նաև մամայիս, քույրիկիս, բարեկամներիս, Էռնեստին, ընկերներիս, երկրպագուներիս։
- Չե՞ք ցանկանում Ձեր երկրպագուներին անակնկալ մատուցել և նոր տեսահոլովակով կամ երգով հանդես գալ։
- Անպայման։ Հիմա նոր երգ եմ պատրաստում շատ տաղանդավոր հայ երիտասարդ DJ Manvel Amura-ի հետ։ Հուսամ, որ տեսահոլովակ էլ կնկարահանենք։
- Հետևո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների աշխատանքներին։ Ի՞նչ կարծիք ունեք։
- Հայկական շոու-բիզնեսին թեթև եմ հետևում, քանի որ տանը հայկական հեռուստաալիքներ չունեմ։ Համացանցով եմ որոշ արտիստների հետևում։ Vitamin Club, Kamoblog, Ernest The Best, Դեր Հովա, Արմինկա, «Կարգին հաղորդում»՝ նրանք են իմ սիրելիները։
- Իսկ հետևո՞ւմ եք հասարակական-քաղաքական զարգացումներին։
- Հետևում եմ քաղաքական լուրերին, բայց չեմ կարծում, որ մարդ արարածը ղեկավարի կարիք ունի։ Իմ սիրտն իմ ղեկավարն է։
- Քանի որ սրտից խոսք գնաց, անձնական կյանքում փոփոխություններ չկա՞ն։
- Անձնական կյանքում նորություն չունեմ, բայց միշտ սիրում եմ ու սիրելու եմ (ժպտում է.- Գ.Ա.)։
- Հնարավո՞ր է, որ մի օր ԱՄՆ-ում այնքան գումար աշխատեք, որ վերջնական Հայաստան տեղափոխվեք։
- Վերջնական Հայաստան տեղափոխվելս շատ գումար աշխատելու հետ կապ չունի։ Հուսով եմ՝ մի օր այնքան ազատ կլինեմ, որ կվերադառնամ հայրենիք։