Լոնդոնում հայտնաբերվել է հին հռոմեական դարաշրջանի «Հյուսիսային Պոմպեյներ» հնագիտական օբյեկտը
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում խոշորագույն հնագիտական հայտնագործություն է արվել՝ կապված հին հռոմեական դարաշրջանի հետ: Ինչպես այսօր գրում է Daily Mail-ը, գիտնականները Լոնդոնի հնագույն Սիթի հատվածում հայտնաբերել են 10.000 հնագիտական նմուշ:
Հողի խոնավության շնորհիվ շատ լավ պահպանվել են օրգանական նյութերից պատրաստված արտեֆակտները: Այդ պատճառով հնէաբանները հայտնագործած օբյեկտն անվանել են «Հյուսիսային Պոմպեյներ» Նրանք կարծում են, որ հայտնագործությունների անալիզը կարող է ապացուցել, որ քաղաքը շատ ավելի հին ժամակաշրջանում է հիմնադրվել: Ներկայումս նրա հիմնադրման ընդունված ամսաթիվը մ.թ. 47 թ. է։
Հնագիտական նյութերը հայտնաբերվել են «Բլումբերգ» լրատվական գործակալության համար կենտրոնական գրասենյակ կառուցելու նպատակով սկսված շինարարական աշխատանքների ընթացքում: Նմուշները թվագրվում են սկսած 40 թվականից մինչև 5-րդ դար: Հայտնաբերված գտածոների մեջ կա կոշիկի 250 նմուշ, դանակի կտոր, հագուստի կտորներ, փայտե դուռ, գլադիատորներին պատկանող ապարանջաններ: Բացի այդ, հայտնաբերվել է տեքստեր պարունակող նաև ավելի քան 100 ցուցատախտակ: Այժմ գիտնականները հույս ունեն կարդալ հին Լոնդոնի բնակիչների անունները: Պեղումների վայրում գտնվում էր հնագույն Միտրա աստծո տաճարը: