Հրաչյա Թամրազյան. Բանաստեղծություններ
Наука и культураՀրաչյա Հրանտի Թամրազյանը ծնվել է 1953-ի դեկտեմբերի 5-ին Երևանում:1971թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող: 1988-91թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը: 1986 թվականից Գրողների միության անդամ է: 1993թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը : Հրաչյա Թամրազյանը 1997-2007թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող: 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը:
Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության' մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին: Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում` որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների' Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից: Հրաչյան Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ: Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում: Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն:
ՍՊԻՏԱԿ ԷՋԵՐ
Սպիտակ էջեր, թերթեր սպիտակ,
Որ առանց գրիչ ու անձեռագիր
Աղերսում են –
ՙՄեզ փորձության մի՛ տար,
Մի՛ հանձնիր տանջող տողին ու հանգին:
Չէ՞ որ բյուրավոր երգեր են գրվել
Տխրության մասին` քո հոգին բանտող,
Ու տխրությանն ես դու հավետ տրվել–
Դեպի ճերմակը ճանապարհ հարթող:
Ահա ճերմակն է փռված քո առջև–
Իբրև ճերմակ թուղթ, ճերմակ ձեռագիր,
Ու քան մեզ այսպես հանգերով տանջես,
Այդ մեծ անդորրը վայելիր հանգիստ՚:
ԲԱՌԱՐՄԱՏՆԵՐ
Բառարմատները – առավել հզոր,
Քան մեր պատմության անցքերը ահեղ,
Քան մեր կեցության խորքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել–
Որ կառչել են խոր բառարմատներից,
Որոնց մեջ այնքան ուժ է խտացած–
Նման են պայթող այն արևներին,
Որ տիեզերքի քուրմերը դարձած`
Աշխարհներ էին խոսքից արարում,
Խենթանում էին, որ երկներ երկիր…
Բայց պատմությունը մնաց անարյուն
Եվ ապարդյուն են և՛ երկունք, և՛ գիր-
Քանզի ծախու են մտքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել
Բանականության խռովքից հզոր
Քանզի աշխարհի սկիզբը Բանն էր,
Որ սերմանում էր բառարմատներով
Մի անապական ու անկոխ աշխարհ
Որ մենք, կորստի իսկույն մատնելով,
Մեր ակունքներում հավետ մոռացանք:
Օˉ, հիշողության կորուսյալ դրախտ,
Օˉ, դեռ չպղծված, նախնական բառեր,
Օˉ, մեր պատմության, մեզանից խլված,
Օˉ, մեր գոյության քրմեր արնահեղ:
ԲՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
Բառե՛րը լոկ ժամանակի հոսքը գիտեն,
Բառերի՛ մեջ այդ հղացման գաղտնիքը կա,
Նրանք քանիˉ սերունդների երթ են դիտել–
Բառարմատներ - աշխարհների միջև ընկած,
Բառարմատներ – որ մեր հոգու մեջ են աճում,
Խրված հողում արարչագործ տիեզերքի –
Հոգիները մեր անպտուղ, անհող, անջուր,
Որ ամլություն են սերմանում և մաղձ, և կիրք–
Հոգու տունկեր, որ ջրվելու միայն ծարավ
Տարածվում են, սակայն արմատ չեն արձակում,
Չորանում են որոմի պես համատարած,
Ու նրանց հետ ամլանում է ամեն ակունք,
Ու չգիտենք մենք գոյության իմաստն անգամ–
Ասես ծնվել ենք ակամա՛, անճի՛չ, անցա՛վ,
Ու կորցրել ենք բառի իմաստը նախնական,
Որ մթագնած մեր խորքերում լույս հղացավ
Կայծակներո՛վ հզոր հոգու, որ ոգեղեն
Այս աշխարհն է հղացել մի բռնկումով –
Նա քո հուրը` ու դու նրա բոցն ես եղել,
Ու հոսել ես – հրաբուխի բացած հունով,
Ու ժայթքել ես դու նրա հետ – իբրև արև,
Ու սփռել ես քո շողերը դու ցիրուցան,
Մինչև այնտեղ, ուր տիեզերքն ինքն է սառել,
Մինչ ցրտաշունչ լեռները մեր իմացության:
Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն