«Ինչպես են ստեղծվում արհեստները». ստեղծվել են անիմացիոն ֆիլմեր
Science and culture![«Ինչպես են ստեղծվում արհեստները». ստեղծվել են անիմացիոն ֆիլմեր](/timthumb.php?src=disc/01-04-24/921277a4c88b9cd5afec3b5a8e33fb01.jpg&w=780)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույի նախարարությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Ծրագրի շրջանակում ստեղծվել են 6 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը կիրառվող արհեստների մասին՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, թաղիքագործություն, խեցեգործություն, դարբնություն, փայտարվեստ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մասնակից կառույցներին, խմբերին ու անհատներին կատարած մեծ աշխատանքի համար. «Աշխատանքը հաջողում է, երբ ապահովված է ստեղծագործական առողջ միջավայր, որտեղ յուրաքանչյուրը մտածում է լավ արդյունքի մասին: Այս ծրագրի արդյունքը պարտավորեցնում է ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում պահել, տարածել ժողովրդական արվեստների մասին գիտելիքը թե՛ միջազգային հարթակներում, թե՛ մեր հանրության շրջանում: Ծրագիրը կարող է դառնալ հրաշալի կրթական նյութ նաև դպրոցների համար. այն մեր երեխաների համար առավել տեսանելի և ընկալելի կդարձնի դասագրքային գիտելիքը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդական վարպետներին, որոնց աշխատանքը տեսանելի դարձնելու խնդիր ունենք: Ուրախ եմ, որ թանգարանի հետ հաջող համագործակցությամբ նրանց աշխատանքն ավելի գնահատված և արժևորված է դառնում»:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ազգայինի տարածմանը և հանրահռչակմանը միտված գաղափարներին:
Ֆիլմաշարը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ներկայացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանով։
Երկլեզու՝ հայերեն և անգլերեն ֆիլմերի ստեղծման շուրջ աշխատել են «Invisible Friends» անիմացիոն ստուդիայի մասնագետները, որոնք տարբեր երկրներից են՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իսրայել, Ֆրանսիա:
Ֆիլմերի վիզուալ բովանդակությունը ստեղծելիս օգտագործվել են ինչպես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, այնպես էլ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն և անհատ վարպետների անձնական արխիվները։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Խնձորեսկ» տիպի գորգի կտրման արարողություն՝ նվիրված թանգարանի 45-ամյակին: Այն գործել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մարգարիտա Խաչյանը, որը 2023 թվականից աշխատում է Ժողովրդական արվեստների թանգարանում: Ելույթով հանդես է եկել նաև թանգարանի նորաստեղծ «Մանել» երգչախումբը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել հիմնական ցուցանմուշներին, ժամանակավոր ցուցադրություններին և կրթական ծրագրերին:
Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերն առաջիկայում կհրապարակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում:
![](disc/01-04-24/3f9625b3a3429ebb5cc0bd164d0439e2.jpg)
![](disc/01-04-24/80da0e5126e509057874d99a22ddad0d.jpg)
![](disc/01-04-24/430988b714c9a7db8fe3e8d1da813e4b.jpg)
![](disc/01-04-24/bbc37402f26215830a66b8729cf442de.jpg)
![](disc/01-04-24/3e81749295d5862424129f84c802b88c.jpg)
![](banners/armflix.jpg)