Նման վայրագություն կարող էր իրեն թույլ տալ միայն այսօրվա զավթիչ իշխանությունը. Զարուհի Փոստանջյանը՝ ամուսնու մեքենայի պայթեցման մասին
SocietyԳիշերը հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան։ Մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Զարուի Փոստանջյանի հետ, որն ասաց՝ հետևանքները կարող էին շատ ավելի ցավոտ լինել՝ կարող էր պայթել վերևում գտնվող գազատար խողովակը, սակայն այրվել է միայն ամուսնու և դրա կողքին գտնվող ավտոմեքենան:
Մեր այն հարցին, թե կասկածում է արդյոք որևէ մեկին, որը կարող էր նման կերպ վարվել, պատասխանեց. «Ես և ամուսինս ոչ մի անձնական թշնամի չունենք, որ գար մեր ավտոմեքենան պայթեցներ: Հստակ է, որ այդ քայլը ունի քաղաքական նպատակներ»,- ասաց Փոստանջյանը՝ նման արարքի մեջ կասկածելով միայն ներկայիս իշխանությանը.
«Նման վայրագություն և համարձակություն կարող էր ունենալ միայն այսօրվա զավթիչ իշխանությունը, հակառակ դեպքում՝ էլ ո՞վ կարող էր նման բան անել»:
Նա համոզված է, որ մեքենայի պայթեցման նպատակը նրան լռեցնելն է, սակայն այն համոզմունքն ունի, որ դա չի հաջողվի. «Եթե հաշվարկենք, թե ինչ է տեղի ունենում իմ նկատմամբ և՛ քրեական հետապնդում, և՛ քաղաքացիական հայց, և՛ վարչական վարույթ, հասականալի է դառնում, որ այսօր գիշերը տեղի ունեցածը ֆիլմի շարունակությունն է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ իրեն ոչ ոք չի կարող փոխել՝ լռեցնել: