«Յուվենտուսը» հայտարարել է Դի Մարիայի հետ պայմանագիր կնքելու մասին
ՍպորտԱրգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ, հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագրի ժամկետը չի նշվում։ Սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա խաղացողը մեկ տարվա պայմանագիր կկնքի:
Անխելն ազատ գործակալի կարգավիճակում է հուլիսի 1-ից՝ սպասելով «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագրի ավարտին: Արգենտինացու հայտնվելը «Յուվենտուսում» նախաձեռնել է թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։
Դի Մարիան «ՊՍԺ»-ի կազմում անցկացրել է 295 հանդիպում՝ դառնալով 93 գոլի և 119 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նա հինգ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Անխելը նախկինում հանդես է եկել «Ռոսարիո Սենտրալում», «Բենֆիկայում», «Ռեալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Արգենտինայի հավաքականի կազմում նա հաղթել է 2008 թվականի Օլիմպիական խաղերում և 2021 թվականի «Ամերիկայի գավաթում»։