Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Անչելոտին հաստատել է Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ցանկությունը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ մադրիդցիների կիսապաշտպան Կազեմիրոն ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա խոսքերը հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Կազեմիրոյի համար Մադրիդի «Ռեալին» կվճարի 60 միլիոն եվրո։ Բացի այդ, 10 միլիոն եվրո կարող է վճարվել բոնուսների տեսքով: Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական կվաստակի 413 հազար եվրո:
«Ես խոսել եմ Կազեմիրոյի հետ։ Նա նոր մարտահրավեր է ուզում: Մենք հասկանում ենք նրա որոշումը»,- ասել է Անչելոտին:
Բրազիլացի կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: «Սերուցքայինների» կազմում Կազեմիրոն ելույթ է ունենում 2013 թվականից։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ըստ Trasnfermarkt-ի՝ Կազեմիրոյի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: