Ռուսական կողմնորոշումը «սպառված» է, պետք է նոր դաշնակիցներ փնտրել ու կարգի բերել պետությունը․ Լևոն Շիրինյան
ПолитическиеՄինչ Հայաստանում 5-օրյա աշխատանքային այցով գտնվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ներքաղաքական շրջանակներում առավել ակտիվ քննարկումներ են ընթանում այդ կառույցից ՀՀ-ի դուրս գալու մասին։
Հատկանշական է, որ նման ակնարկներ հնչում են նաև երկրի իշխանությունների կողմից։ Օրերս կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հերթական հանդիպումը․ մամուլի հրապարակումների համաձայն՝ քննարկված թեմաներից մեկն էլ վերաբերել է ՀԱՊԿ-ի հետ հետագա գործակցության նպատակահարմարությանը։
«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ չեմ հիշում, թե լինի մեկը, որը դեմ էր ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս չգալուն, կարելի է ասել, գերիշխողը այդ նախատրամադրվածությունն էր։ Ընդհանուր առմամբ, քննարկել ենք երկրի ինքնիշխանության, պետականության, անկախության ամրապնդման հարցերը։ Այն ինչ կա Հայաստանում, ժողովրդավարություն չէ, պետք է արագորեն կարգի բերել պետությունը»,-ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության Լևոն Շիրինյանը, ով ևս հանդիպել է Փաշինյանին։
Քաղաքական գործիչը նշեց, որ ինքը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ամենաարմատական կողմնակիցներից է։
«Իմ այդ դիրքորոշումը փաստարկված է․ նախ ռուսական կողմնորոշումը «սպառված է», պետք է հետևենք Ռուսաստանի կործանմանը Ուկրաինայում, սակայն արկածախնդրության չգնանք։ Մենք պետք է նոր դաշնակիցներ փնտրենք, կյանքի կոչենք «Հայկական Խաչմերուկ»-ը։ Որպես ՀԱՊԿ-ին այլընտրանք՝ բնականաբար կնշեմ Միացյալ նահանգներին։ Չմոռանանք նաև Հնդկաստանին, որպես բնական դաշնակցի ու շարքի մի քանի այլ պետություններ»,-ընդգծեց Շիրինյանը։
Արա Ալոյան