Սերգիև Պոսադում տեղի ունեցած պայթյունից հետո 12 մարդ անհետ կորել է
RussiaՄերձմոսկովյան Սերգիև Պոսադ քաղաքի Զագորսկի ռազմական օպտիկա-մեխանիկական գործարանի տարածքում երեկ՝ օգոստոսի 9-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ 12 մարդ անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել, որոնցից 5-ի վիճակը ծանր է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանել են, որ «փլատակների հեռացման աշխատանքները շարունակվում են»։ Baza-ն, չհստակեցնելով տեղեկատվության աղբյուրը, գրում է, որ գիշերը պայթյունի վայրում փլատակների տակից դուրս է բերվել երեք մարդու դի։ Ավելի վաղ նույն ալիքը գրել էր, որ պայթյունի վայրում հայտնաբերվել են մի քանի դիեր։ Այս տեղեկությունը չի հաստատվել։
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, հստակ հայտնի չէ։ Պաշտոնյաները ասում են, որ դա տեղի է ունեցել գործարանի տարածքում գտնվող պիրոտեխնիկայի պահեստում, որը վարձակալել է Piro-Ross ընկերությունը:
Հարուցվել է քրեական գործ՝ արդյունաբերական անվտանգության պահանջները խախտելու հոդվածով։ Ձերբակալվածի անունը չի հրապարակվում։