Խառը մենամարտերի չեմպիոն Նարեկ Ավագյանը պատրաստվում է հերթական մենամարտին
ՍպորտԽառը մենամարտերի /MMA/ մարզիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, «Aca» վարկածով չեմպիոն, բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող, ծնունդով Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղից Նարեկ Ավագյանը ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան։
Նա Iravunk.com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում պատմել է հայրենիք վերադառնալու, հաջորդ մենամարտին պատրաստվելու, հետագա ծրագրերի մասին.
«Մի քանի օր առաջ եմ վերադարձել Հայաստան, ճիշտն ասած, շատ էի կարոտել հայրենիքս։
Այստեղ պատրաստվում եմ մենամարտի, որը կկայանա այս տարի Ղազախստանում, որից հետո շատ լուրջ, կարևոր մենամարտի կպատրաստվեմ, որը կկայանա արդեն հաջորդ տարի՝ փետրվար ամսին, օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ի Լոս֊Անջելես քաղաքում։ Վարկանիշային մենամարտ է լինելու։ Եթե կարողանամ հաղթել, ուրեմն հնարավորություն կստանամ UFC-ում մենամարտ ունենալու։ Ներկայացնելու եմ Հայաստանի դրոշը, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կստացվի։ Այստեղ պարապում եմ Երևանի «Դինամո» մարզադպրոցում՝ Խառը մենամարտերի ֆեդերացիայի Հայաստանի փոխնախագահներ Ստեփան Շահմուրադյանի և Գարեգին Աղաբալյանի գլխավորությամբ»,- նշել է Նարեկ Ավագյանը։