Մի դրվագ Հայոց եկեղեցու պատմությունից․ Արմեն Այվազյան
BlogosphereՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
XVII դարում Սեֆյան Իրանում բնակվող հայ չունևոր մեծաքանակ զանգվածը դժվարանում էր և նույնիսկ անկարող էր կանոնավոր կերպով գլխահարկ մուծել պետական գանձարան։ Նրանց վճարելիքը փոխհատուցում էին Հայոց եկեղեցին ու հայ հարուստները։ Այդ մասին ֆրանսիացի հանրաճանաչ ճանապարհորդներ Ժան Բատիստ Տավերնիեն (1605-1689) և Պիտտոն դը Տուրնեֆորը (1656–1708) հաղորդում են բացառիկ կարևոր տեղեկություններ։ Մասնավորապես, Ժ. Բ. Տավերնիեն Ս. Էջմիածնի կաթողիկոսի եկամտի և ծախսերի մասին գրում էր հետևյալը.
«Պատրիարքի եկամուտը մոտավորապես 600 000 էկյու է (ֆրանս. écu, անգլ. crown), քանզի 15 տարեկանն անց բոլոր հայ քրիստոնյաները պարտավոր են նրան տալ 5 սոլ (=արծաթե մանրադրամ)։ Բայց աղքատության պատճառով շատերը նրան չեն վճարում։ Այդուամենայնիվ, պակասորդը լրացնում են հարուստները, որոնք մարդագլուխ նրան վճարում են ընդհուպ մինչև 2 կամ 3 էկյու։ Բայց այս գումարը պատրիարքի գրպանում չի մնում։ Արդեն մի քանի տարի է, ինչ պետք է լինում, որ նա ավելացնի իր խնայողություններից և օգնի աղքատ հայերին, որոնք անկարող են վճարել խարաջը՝ մահմեդական իշխողներին տալիք տարեկան հարկը։ Այլապես կարիքը նրանց կստիպի մահմեդական դառնալ։ Եվ կամ՝ նրանց ընտանյոք հանդերձ ստրկության կվաճառեն։ Պատրիարքն ամեն ինչ անում է այդպիսի վախճանը կանխելու համար։ Այդ հարցով յուրաքանչյուր արքեպիսկոպոս նրան հատուկ տեղեկանք է ուղարկում, ներկայացնելով իր իրավասության տակ գտնվող շրջանում (իմա՝ թեմում – Ա.Ա.) տիրող իրավիճակը»։
Աղբյուր՝
Tavernier, Jean-Baptiste. Les six voyages de Jean-Baptiste Tavernier: Ecuyer, Baron d'Aubonne, qu'il a fait en Turquie, en Perse et aux Indes, pendant quarante ans, Tome 1. Paris, 1676, 1713.
Tavernier, Jean-Baptiste. The Six Voyages of John Baptista Tavernier, a noble man of France now living, through Turkey into Persia and the East-Indies. Book I. Tr. John Phillips. London, 1678.
Այս և զուգահեռ պատմական տեղեկությունների մանրամասն քննությունը ներկայացված է իմ հետևյալ մենագրությունում՝ «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին»։ Երևան. «ՆՏ Հոլդինգ», 2022, էջ 368-375
Կից նկարում՝ Ս. Էջմիածնի Մայր տաճարը 1670-ական թթ.՝ ըստ ֆրանսիացի ուղեգիր Ժան Շարդենի (1643-1713)»։