Թալինում որոշել են պաուերլիֆտինգի երկու վարժությունների ուժեղագույններին
SportԹալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել Հայաստանի բոլոր մարզերից ժամանած մարզիչների և մարզիկների համար։ Հայաստանի Պաուրելիֆտինգի ֆեդերացիայի և Թալին համայնքի համատեղ ջանքերով՝ մարտի 9-ին, Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնություն` պառկած սեղմում և ձգում վարժություններից։
Ինչպես տեղեկացրին Թալինի համայնքպետարանից, առաջնությունն անցկացվել է ՀՊՖ տեխնիկական և մրցումային կանոններին և կանոնակարգի պահանջներին համապատասխան` տղամարդկանց և կանանց՝ պատանիների, մեծահասակների և հաշմանդամների խմբերում, մարզիկների շարքերում էին նաև զինվորները։ Առաջնությանը մասնակցած թիմերը 23-ն էին, մարզիկների թիվը՝ 167 ։
«Առաջնությանը ներկա էին Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի ղեկավար կազմը, գլխավորությամբ նախագահ Գագիկ Սարոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ, Թալին համայնքի պետական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։
Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունն իրենց ներկայությամբ պատվեցին «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն, ԽՍՀՄ չեմպիոն, ապորտի վարպետ Էդուարդ Եղիազարյանը, սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Ռոլանդ Հովհաննիսյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը և այլ պատվավոր հյուրեր։
Առաջնության բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվեց Թալին համայնքի շնորհալի երիտասարդների, անհատ կատարողների և պարային խմբերի երգ ու պարի գեղեցիկ կատարումներով։ Ելույթներով հանդես եկան հրավիրյալ մշակութային գործիչներ՝ իսպանահայ օպերային երգիչ, տենոր Վանո Թադեոն և աշուղ Ռազմար Սասունցին:
Ներկաներին ողջունեցին և ելույթի խոսքերով հանդես եկան ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, պատվավոր հյուրերը։ Տավրոս Սափեյանն իր ելույթով ողջունեց ֆեդերացիային և ներկաներին, ինչպես նաև իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց առաջնությունը հենց Թալինում անցկացնելու համար, նշելով, որ մեծ սիրով է ընդունել թե՛ ֆեդերացիային, թե՛ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկներին, մաղթեց հաջողություններ ու հաղթանակներ։
Թալինի համայնքապետարանի և Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի ներկայացուցիչները երկուստեք շնորհակալագրեր հանձնեցին միմյանց՝ ի երախտագիտություն ազգ-բանակ-սպորտ կապի ամրապնդման, ինչպես նաև մարզիկներին աջակցելու, քաջալերելու, հայրենասիրական ոգով կրթելու և հայրենիքին մատուցած ծառայությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են համապատասխան մեդալներով, հավաստագրերով, դրամական պարգևներով, լավագույնս հանդես եկած մարզիկներին հնարավորություն կընձեռնվի մասնակցել միջազգային մրցաշարերի։
Նշվում է, որ Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնության ողջ ընթացքն անցավ հետաքրքիր ու լարված մթնոլորտում, թե՛ մարզիկներին, թե՛ ներկաներին պարգևելով անմոռանալի պահեր։