Այդ սոված զինվորներից մեկը ես եմ. ՔՊ–ական պատգամավորը՝ Սեյրան Օհանյանին
ՔաղաքականԱյս մի քանի օրերի ընթացքում ընդդիմադիրների կողմից 44-օրյա պատերազմի վերաբերյալ ԶՈՒ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին տարատեսակ մտքեր են հնչում։ Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով ՝ դրանք իր համար անտրամաբանական ու անընդունելի են. «Ընդդիմադիրներն ակնհայտորեն փորձում են մեղավորներ կարգել, միևնույն ժամանակ այս ամբիոնից չունենալով ելույթ, որով կդատապարտեիք թուրք-ադրբեջանական զույգին՝ մեր հայրենիքի նկատմամբ սանձազերծած պատերազմի համար։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին, պատերազմը սանձազերծելու մեջ, մեղադրել են Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ ընդդիմությունը»։
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհնյանի հնչեցրած մտքերին, ՔՊ-ականն ասաց․
«Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս դահլիճում նստած են մարդիկ, որոնք Ձեր նախարարության օրոք անցել են ժամկեետային զինծառությունը։ Այդ սոված զինվորներից մեկը կամ այն մարդը , որը տեսել է սոված զինվորներին ՝ ես եմ։ 2008-2010 թթ․ ծառայել եմ ՀՀ ԶՈՒ-ում և տեսել եմ ինչ են տալիս զինվորներին ՝ որպես սնունդ։ Այո, այդ օրերին իմ ծառայակից ընկերները, հազարավոր ընկերներ սոված չէին, քանի որ նրանց ծնողները, իմ ծնողները բավականին լավ «տուլիկ» էին ուղարկում»,- ասաց պատգամավորը։
Իշխող ուժի ներկայացուցիչը նաև նշեց, որ Սեյրան Օհանյանի այցի օրերին ամենալավ սնունդն էր մատուցվում, որի մասին զինվորները չէին էլ կարող երազել։
«Դա փաստում է, որ մնացած բոլոր օրերին զինվորի հացը բոլորովին այլ ուղղությամբ էր գնում»,- ասաց նա։