Անտերություն է՝ թշնամին որտեղից ուզում, մտնում է. Արսեն Գրիգորյան
Video«Եկեք իրար հետ միանանք և տեր կանգնենք մեր երկրին, մեր ժողովրդին». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ազատագրական շարժման հավաքի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:
«Լինելով ժողովրդավար երկիր, մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվում։ Մենք ժողովրդի մի մասնիկն ենք։ Համաժողովրդական պահանջով ասում ենք՝ հանրայնացրեք փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրվեն, որոնք կապ ունեն մեր, մեր զավակների, մեր գալիք սերունդների ապագայի, կյանքի, մեր զինվորների վիճակի հետ։ Ժամանակն է արթնանալ, հերիք է մտածենք մեր անձնական խնդիրների մասին»,- նշեց երգիչը:
«Ի՞նչ ենք ուտելու, ի՞նչ ենք խմելու, կարևոր չէ։ Կարևոր է մեր հայրենիքի ապագան, մեր զինվորը։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում, անտերություն է, որտեղից ուզում մտնում են։ Կոչ ենք անում՝ թող վերազինեն մեր բանակը, ուժեղացնեն։ Մեր զինվորը հզոր է, բայց տեխնիկական համալրում է պետք՝ ժամանակակից զենքերով պետք է նրանց ապահովել։ Մենք ուրիշ ճար չունենք անճարությունից, պետք է միանանք իրար»,- հավելեց Գրիգորյանը՝ դիմելով համայն հայությանը՝ կանգնել զինվորի կողքին, ով պաշտպանում է սահմանը: