«Կիպրոսն ամբողջովին մերը կլիներ»․ Հունաստանում դատապարտել են Էրդողանի սկանդալային հայտարարությունը
Turkey![«Կիպրոսն ամբողջովին մերը կլիներ»․ Հունաստանում դատապարտել են Էրդողանի սկանդալային հայտարարությունը](/timthumb.php?src=disc/19-03-24/ea80530439193189de0ffbb8d8cf3d2e.jpg&w=780)
Հունաստանի կառավարության խոսնակ Պավլոս Մարինակիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե թուրքական բանակը կարող էր գրավել ողջ Կիպրոսը 1974 թվականին, անվանել է վիրավորանք՝ զոհերի հիշատակին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները պատմական ճշմարտության բացահայտ խեղաթյուրում են և վիրավորում են զոհերի հիշատակը, ավելին՝ դրանք արվում են այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի հովանու ներքո ջանքեր են գործադրվում վերսկսելու բանակցությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի շրջանակներում Կիպրոսի խնդրի լուծման համար»,- ասել է Մարինակիսը ճեպազրույցում։
Ըստ հունական ERT News հեռուստաալիքի, Էրդողանը երկուշաբթի օրը 4-րդ բանակի շտաբի սպաների հետ ճաշի ժամանակ ասել է, թե «Կիպրոսի թուրքերը ցեղասպանության եզրին էին ընդամենը կես դար առաջ», իսկ «1974 թվականի խաղաղապահ գործողության ընթացքում» սպանվել է 498 զինվորական, այդ թվում՝ սպաներ, ենթասպաներ և զինվորներ։
«Եթե չլիներ Թուրքիայի միջամտությունը, այսօր չէին լինի ոչ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», ոչ էլ Կիպրոսի թուրքերը։ Եթե այն ժամանակ թուրքական բանակը շարժվեր ավելի հարավ, այլևս Հարավ-Հյուսիս չէր լինի, Կիպրոսն ամբողջովին մերը կլիներ»,- հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի նախագահի խոսքերը։
![](banners/armflix.jpg)