Միրզոյանը և Լավրովը քննարկել են դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր
Иностранный![Միրզոյանը և Լավրովը քննարկել են դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր](/timthumb.php?src=disc/10-03-22/156b59c5f1a00838486aa4c32fba1869.jpg&w=780)
Մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են Հհ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:
Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
![](disc/10-03-22/2537ef5aa635b5123c2a5333fd27ce6c.jpg)
![](disc/10-03-22/54bf7f9a8b700fd7dfa2433642400734.jpg)
![](banners/armflix.jpg)