28 апреля Армянская Апостольская Церковь отметит праздник явления Святого Креста Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА

О нас

Ղրիմի հանրաքվեն ու թերակղզու միացումը Ռուսաստանին, փաստացիորեն, աշխարհը կանգնեցրել են նոր աշխարհակարգի շեմին: ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունները գնալով լարվում են, և կողմերն առայժմ չեն ցանկանում հարաբերությունների կարգավորման փոխզիջումային տարբերակ գտնել: Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Փորձագետների որոշակի շրջանակ պնդում է, որ սառը պատերազմ անվանումը կրած ԱՄՆ-ԽՍՀՄ դիմակայությունը երբեք էլ չի ավարտվել: Ճիշտ է, ԽՍՀՄ փլուզումը ամրագրեց Արևումտքի հաղթանակը, բայց դա դիմակայության ընդամենը մի փուլն էր, հաջորդ փուլը շարունակվում է ոչ թե կապիտալիզմ-սոցիալիզմ գաղափարախոսական հենքի վրա, այլ կապիտալիզմ-կապիտալիզմ համատեքստում, աշխարհաքաղական ու քաղաքակրթական երանգներով՝ ԽՍՀՄ իրավահաջորդ ՌԴ-ի և Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի մասնակցությամբ:

ԱՄՆ-ում այպես էլ չցանկացան հաշվի առնել այն փաստը, որ փլուզված ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանը չի ցանկանում համակերպվել աշխարհաքաղաքական պարտության հետ՝ չցանկանալով վերածվել Արևմուտքի մշակութային ու տնտեսական կցորդի: Ռուս «նեոդերժավնիկները» չեն ցանկանում հաշվի նստել ամերիկյան գերիշխանության հետ և փորձում են Արևմուտքին ստիպել հարգել և հաշվի նստել իրենց շահերի հետ: ՆԱՏՕ-ի մոտեցումը ռուսական սահմաններին, գունավոր հեղափոխությունների շարքը Մոսկվան ընկալում է որպես աշխարհաքաղաքական էքսպանսիա, որին դիմակայելու համար սեփական սցենարներն է մշակում և փորձում իրականացնել: Կրեմլի նախաձեռնած «Եվրասիական միության» և դրան կից քաղաքական-տնտեսական կառույցների նախաձեռնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ ռուսական շահերի դրսևորման պաշտպանողական միջոցառումներ:

Ավաղ, Արևմուտքում չցանկացան հասկանալ ու ըմբռնել, որ կոմունիզմից հրաժարված ռուսական պետականության հետ չի կարելի վարվել Լեհաստանի, Ռումինիայի կամ Հարավսլավիայի տարբերակով: Ցայսօր էլ չեն ցանկանում հաշվի առնել այն հանգամանքը, որ ռուսական պետականության հիմքը տապալված կոմունիզմը չէր, այլ հռոմեական-բյուզանդական ուղղափառ արժեքների վրա հիմնված հոգևոր-քաղաքական գաղափարախոսությունը, որին շատ դեպքերում հզոր ուժ են հաղորդում նախկին դարերի փառահեղ հաղթանակներն ու հերոսական անցյալը: Թե ի՞նչ ընթացք կունենա հետագա դիմակայությունը, ցույց կտա ժամանակը: Մի բան պարզ է, ռուսներն իրենց վստահ են զգում, և եթե հետևենք ՌԴ ղեկավարության հայտարարություններին, ապա պարզ կդառնա, որ արևմտյան սանկցիաները Կրեմլին այդքան էլ չեն վախեցնում: Ինչպես Օ. Բիսմարկն էր ասում՝ «Ռուսաստանը վտանգավոր է իր պահանջմունքների փոքրաքանակությամբ»: Ռուսական վերնախավը, կարծես, գիտակցում է, որ ունի ներքին բարդագույն չլուծված խնդիրներ, սակայն դրանց մասին հրապարակային խոսակցությունը նշանակում է նաև, որ սանկցիաները կարող են ռուսներին մոտիվացնել և ստիպել արագորեն լուծել այդ խնդիրներն ու երկիրը պատրաստել իսկական աշխարհաքաղաքական դիմակայության:

Ինչևէ, աշխարհը արագորեն փոխվում է, ինչպես և արագորեն փոխվում են աշխարհաքաղաքական խաղի կանոնները: Հարց է առաջանում. նոր աշխարհակարգը որքանո՞ք է բխում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից: Կարո՞ղ ենք մենք շարունակել վերջին տարիներին ձևավորված արտաքին քաղաքական գիծը՝ ռազմավարական դաշնակցություն ՌԴ-ի հետ և ակտիվ բարեկամական կապերի հաստատում Արևմուտքի հետ, թե՞ ստիպված ենք լինելու ճամբար ընտրել ու մասնակցել ահագնացող աշխարհաքաղաքական բախմանը, ի՞նչ կարող ենք շահել կամ կորցնել դրանից: Վիճակը էլ ավելի է բարդանում, երբ հաշվի ենք առնում, որ ունենք Արցախի չլուծված հիմնախնդիր և ակնհայտորեն պատերազմի պատրաստվող հարևան Ադրբեջան: Պոտսդամյան պայմանավորվածությունները ԽՍՀՄ փլուզումից հետո ակնհայտորեն չեն գործում, իսկ միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ակնհայտորեն կիրառվում են երկակի ստանդարտներով: Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի, վերջին օրերին նաև Ղրիմի ինքնորոշման իրավունքի կիրառումը, Վենետիկում անցկացվող հանրաքվեն, Շոտլանդիայում և Կատալոնիայում նախատեսվող հանրաքվեները վկայում են, որ աշխարհում սկսել է գերակայել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումը:

Խնդիրն այն է, որ վերը նշված իրադարձությունները միանշանակ չեն ընկալվում: Արևմուտքն ու Ռուսաստանը չեն կարողանում այս հիմնահարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, և խորացող դիմակայության համատեքստում այժմեական է դառնում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի քննարկման հարցը: Արցախյան ստատուս-քվոն հարավկովկասյան տարածաշրջանում զարկ է տվել սպառազինությունների մրցավազքի՝ ստիպելով հայկական կողմին ռազմական հավասարակշռության պահպանման համար հսկայան ֆինանսական ներդրումներ կատարել պաշտպանական համակարգում: Այս մրցավազքի մոդան թելադրում է էներգակիրների վաճառքից հսկայական եկամուտներ ունեցող Բաքուն՝ հույս ունենալով, որ զինումն ու ռազմական հավասարակշռության խախտումը կստիպեն հայկական կողմին և միջազգային հանրությանը զիջումների գնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններն էլ, կարծես, տեսնանելի ապագայում հակամարտության կարգավորման հեռանկար չեն խոստանում: Իսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու զինանդադարի ռեժիմի հաճախակի խախտումները, դիպուկահարների և դիվերսիոն խմբերի գործողությունները նպատակ ունեն չսառեցնել հակամարտությունը և պահպանել ռազմաճակատի լարված իրադրությունը:

Մինչև ատամները զինվող Ադրբեջանի դեպքում պետք է փաստել, որ «պատից կախված զենքը մի օր կրակում է», ուստի և պետք է հրաժարվել ջայլամի կեցվածքից ու փաստել, որ երկրորդ արցախյան պատերազմն անխուսափելի է: Այն, ընդամենը, ժամանակի հարց է: Երբ հոգեկան խանգարումներ ունեցող տարեց մարդն ընկնում է ադրբեջանցիների ձեռքը, որին ներկայացնում են որպես հայկական դիվերսիոն խմբի անդամ, այնուհետև ծերունուն վերադարձնելուց առաջ անմարդկային կտտանքների են ենթարկում, գլխի հատվածում խարանելով թուրք-ադրբեջանական կիսալուսինը, պարզ է դառնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում հնարավոր չէ կամ էլ այն կարգավորվելու է նոր պատերազմի ճանապարհով: Հակահայկականությունը պետական քարոզչության մակարդակի հասցրած Ադրբեջանը չի պատրաստվում հաշտվել, ճիշտ հակառակը՝ պատրաստվում է պատերազմի: Աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության խնդիրը հասկանալու գործում պետք է անպայմանորեն հաշվի առնել այս հանգամանքը: Ավելին՝ աշխարհակարգի փոփոխության դրսևորումները մեր տարածաշրջանում պետք է դիտարկել՝ ելակետում ունենալով Արցախի ճակատագրի և հնարավոր պատերազմի հեռանկարը:

Ի վերջո, պետք է լրջագույնս քննարկել ու հասկանալ. պատրաստ ենք արդյո՞ք նոր պատերազմի: Հնարավոր է, որ նոր աշխարհակարգի պայմաններում միջազգային իրադրությունն ու աշխարհում տիրող իրավիճակը լինեն այնպիսին, որ Հայաստանը հնարավորություն ունենա ճանաչելու ԼՂՀ անկախությունն ու միացումը Հայաստանին: Սա, իհարկե, կնշանակի պատերազմ: Ճիշտ է, չենք կասկածում, որ հայկական միացյալ բանակը կարող է լուծել իր առջև դրված խնդիրնեն ու ռազմական պարտության մատնել Ադրբեջանին, սակայն պետք է պատրաստվել նաև հոգեբանորեն, հասարակական ընկալման մեջ ամրագրել, որ պատերազմն ավարտված չէ, նորը՝ միայն ժամանակի հարց է: Պետք է տնտեսությունն ու քաղաքական համակարգը համապատասխանեցնել պատերազմող երկրի չափորոշիչներին: Կարելի է օգտագործել Իսրայելի փորձը:

Այսպիսով, նոր աշխարհակարգը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ստեղծում է և հնարավորություններ, և մարտահրավերներ: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս կվերադասավորվի աշխարհը, ի՞նչ դիրք կզբաղեցնենք մենք նոր աշխարհում, ինչպիսի ազգային-պետական նպատակներ կձևակերպենք, ինչպե՞ս կզարգացնենք տնտեսությունն ու քաղաքական համակարգը, զինված ուժերը, ի վերջո՝ ինչպիսի՞ հասարակություն կկառուցենք և ի՞նչ արժեքներ կդնենք հասարակության հիմքում: Սրանք լայն քննարկում պահանջող հիմնահարցեր են, հուսանք և հավատանք, որ 21-րդ դարն, իրոք, մերն է լինելու…