Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Общество![Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք](/timthumb.php?src=disc/30-05-24/32b54d7f3556b93869b31c177638f10f.jpg&w=780)
Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով:
Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեծագույն սրբի մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքը Նորին Սրբությունը փոխանցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ: Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը։ Սրբազան արարողության ավարտին Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով օրհնեց հավատացյալ ժողովրդին:
![](banners/armflix.jpg)