«Հուսո առագաստ» 2024 հեղինակային երգի միջազգային փառատոնը սպասում է նոր անունների (լուսանկարներ)
Наука и культура![«Հուսո առագաստ» 2024 հեղինակային երգի միջազգային փառատոնը սպասում է նոր անունների (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/06-06-24/8d4f6fd98a48c24017524aa342637364.jpg&w=780)
Մեկնարկել է «Հուսո առագաստ» 2024 հեղինակային երգի միջազգային 9-րդ փառատոնը, որը կազմակերպել են «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և Բարդերի ակումբը:
Փառատոնն ընթանում է 3 փուլով՝ նախընտրական, ընտրական և սևանյան։ Նախընտրական փուլի հայտերն ընդունվում են մինչև հունիսի 20-ը։ Մասնակցել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարող անձինք։
Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն հունիսի 28-ին «Մետրո» թատրոնում կայանալիք ընտրական փուլին։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք և հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Մասնակիցների կացության և սննդի ծախսերը կապահովվեն փառատոնի կազմակերպիչները:
Փառատոնի սևանյան փուլը կներառի երկու համերգային օր և տեղի կունենա հուլիսի 19-21-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում։ Համերգներին կմասնակցեն ընտրական փուլի արդյունքում ձևավորված 2024 թվականի, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, արտերկրից ժամանած հյուրերը և ավագ սերնդի երգահանները։
Գալա համերգային ծրագիրը կամփոփվի հուլիսի 20-ին՝ հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
Փառատոնի նպատակներն են՝ սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելն ու նրանց ստեղծագործական գործունեությունը խթանելը, բեմ տրամադրելը, ինչպես նաև մշակութային միջավայր ստեղծելը և հեղինակային երգի սիրահարների ու երգահանների միջև շփում ապահովելը։
![](disc/06-06-24/3329e004acf0674a7c0efda4ef890d80.jpg)
![](disc/06-06-24/c1aea9bcfffcaaf82e060d24065a7bae.jpg)
![](disc/06-06-24/cee003014fb9c77a59714ea911345ed5.jpg)
![](disc/06-06-24/c0ddf131b418cb3fb8e6ac5bad0e9f63.jpg)
![](banners/armflix.jpg)