ՊԵԿ նախագահը՝ Միքայել Մինասյանին կալանավորելու մասին
ПолитическиеՏվյալ քրեական գործի հետ կապված, նախաքննության գաղտնիության սահմանները հաշվի առնելով թույլատրելի շրջանակներում ՊԵԿ-ը տեղեկատվություն տարածում է՝ հաշվի առնելով հանրային իրազեկվածության պահանջը եւ հանրային հետաքրքրության բարձր աստիճանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:
«Առաջարկում ենք բավարարվել այդ ծավալով: Մինասյանի կողմից ենթադրյալ թույլ տրված արարքների վերաբերյալ մեր հաղորդագրությունում պատշաճ տեղեկատվություն տրամադրված է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք իրենք պատրաստվում են բողոքարկել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ վարույթ իրականացնող մարմինը դեռեւս չի ստացել Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման օրինակը, հետեւաբար հստակ դեռ վաղ է հետագա գործողություններին անդրադառնալը: Որոշումը ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո համապատասխան ընթացքը կտրվի:
Որքան գիտեմ, վերաքննիչ դատարանը կալանքի միջնորդության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»: