Մակրոնը հայտնել է կորոնավիրուսի դեմ «առաջին հաղթանակի» մասին
WorldՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը հորդորել է քաղաքացիներին պատրաստվել կորոնավիրուսի հնարավոր վերադարձի ռիսկերին, քանի որ Ֆրանսիան երկուշաբթի օրվանից մտնում է «Կանաչ գոտի», որը ենթադրում է զգոնության ավելի ցածր մակարդակ։ Սա նշանակում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող սրճարանները և ռեստորանները կարող են արդեն բացվել: Փարիզն այլևս «կարմիր գոտում» չէ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նոր փուլը թույլ կտա երկրին արագացնել տնտեսության վերաբացումը` հավելելով, որ Ֆրանսիան առաջին հաղթանակն է տարել կորոնավիրուսի դեմ: «Համաճարակի դեմ պայքարը ավարտված չէ, բայց ես ուրախ եմ վիրուսի դեմ տարած մեր այս առաջին հաղթանակից»,- ասել է Մակրոնը ազգաբնակչությանն ուղղված ուղերձում: Մակրոնը մարդկանց հորդորել է հարգել սոցիալական հեռավորության կանոնները և սովորել, թե ինչպես կարելի է ապրել «կորոնավիրուսի հետ»։ Ֆրանսիայում առայժմ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 157,000 մարդ։ Կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 29,000 մարդ: Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պետք է կառուցի ուժեղ, անկախ, էկոլոգիապես առողջ և արդար տնտեսություն՝ հավելելով, որ Ֆրանսիայի վերակառուցման ծրագիրը կիրագործվի Եվրոպայի հետ միասին: Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան մոբիլիզացրել է շուրջ 500 միլիարդ եվրո (562 միլիարդ դոլար)՝ վերականգնելու տնտեսությունը կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում։ Նրա խոսքով՝ իր երկիրը պետք է հնարավորինս քիչ կախվածության մեջ լինի Չինաստանից: