Ազարյանի գործով նիստը հետաձգվեց
ПравоՀՀ Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստը, որտեղ քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործը, հետաձգվեց։
Ընդմիջումից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ ԲԴԽ անդամներից Սերգեյ Չիչոյանը հրատապ մեկնել է Գավառ՝ մայրիկի վատառողջ լինելու պատճառով։ Ռ.Վարդազարյանը հարցրեց՝ շարունակե՞ն նիստն առանց Ս. Չիչոյանի, թե՞ հետաձգեն։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ կարող են նիստը շարունակել։ Ա. Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը խնդրեց հետաձգել՝ նշելով, որ պարոն Չիչոյանը պրոֆեսիոնալ դատավոր է, իր համար ցանկալի է նրա ներկայությունը նիստին։
ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ նիստը հետաձգվում է։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: