Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստանում ընդունվելու հնարավորությունից. նրանք նամակ են գրել
ГрузияՋավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին, հաղորդում է Jnews.ge-ն:
Մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին:
Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին:
Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմում են՝ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին:
Նշենք, որ ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: