Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան օրն է
SocietyՆ.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը` ավազանի անունով Կտրիճ Ներսիսյան, օգոստոսի 21-ին նշում է ծննդյան տարեդարձը: Նա ծնվել է 1951 թվականին Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Ոսկեհատ գյուղում։ 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1970թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ։ 1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով Հոգևոր ճեմարանը՝ նշանակվել է տեսչի օգնական՝ միաժամանակ ճեմարանում դասավանդելով «Նոր Կտակարան»։ 1972թ-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա։ 1972թ. ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում։ 1975թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ ու շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում։ 1979թ. ուսանել է Զագորսկիում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։
1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին՝ Առաջնորդական փոխանորդ։ Նույն տարվա հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992թ. ստացել արքության պատիվ և տիտղոս։ 1989թ. Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան դպրանոցը։
1992թ. նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն։
1990. Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում։
Վեհափառ Հայրապետը Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսուցչապետն է:
Լուրեր.com-ը շնորհավորում է Վեհափառ Հայրապետին` մաղթելով քաջառողջություն և երկարամյա ու արգասաբեր հովվապետական գործունեություն: